ԱԺ-ն այս տարի չի քննարկի Ստամբուլյան կոնվենցիայի հարցը․ նախարար

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողներին ասել է, որ Ազգային ժողովն այս տարի ամենայն հավանականությամբ չի հասցնի քննարկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է նաև Ստամբուլյան կոնվենցիա անվամբ, հանրության շրջանում կես տարի է մտահոգությունների առիթ է դարձել։ Թեժ բանավեճերի առանցքում միասեռականների ամուսնության հարցն է։

Ստամբուլյան կոնվենցիա. ինչո՞ւ են տարամետ «Իմ քայլի» քայլերը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում ասել է, որ կոնվենցիան վավերացրած Վրաստանում մինչ օրս ամուսնությունը ենթադրում է տղամարդու և կնոջ միություն։ Նախարարը նաև հավելել է`ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովն այս տարի չի էլ քննարկի կոնվենցիայի վավերացման հարցը։

«Մենք դիմել ենք Վենետիկի հանձնաժողով, որպեսզի այն կարծիք հայտնի կոնվենցիայում տեղ գտած տարակարծությունների տեղիք տվող հարցերին։ Հանձնաժողովն իր կարծիքը կհայտնի հոկտեմբերին։ Դրանից հետո կառավարությունը պետք է քննարկի հարցը և նոր միայն հետ ուղարկի խորհրդարան՝ վավերացման», - նշել է նախարարը։

Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը հասավ Գյումրի. էլ ի՞նչ են անելու նախաձեռնողները

Նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի Խորհրդի անդամ 33 երկրներ։ ԵԽ—ից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։