ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ այս պահին հայոց պատմության շարադրանքն իրենք հասցրել են մինչև 1991թ.-ի անկախության հռչակումը։
«Ես հստակ կարող եմ ասել` վերջին տասնամյակների պատմությունը դեռ չի դարձել պատմություն»,–ասում է Մելքոնյանը։
Ըստ Մելքոնյանի՝ ժամանակ է պետք արխիվները բացելու և նյութը մարսելու համար, որից հետո նոր կարող են դա որպես պատմություն շարադրել. հիմա դա հնարավոր չէ։
Դպրոցական դասագրքերի վերաբերյալ, պատմաբանը նշում է, որ առանձնահատկությունն այն է, որ պատանիները դպրոցում վերջին շրջանի նյութը ուսումնասիրելիս գոնե պոզիտիվ շարադրանքի տարբերակով պետք է իմանան, թե ինչպես է ձեռք բերվել և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ անկախությունը, ինչպես ենք ընդմիջումից հետո հաղթանակներ տոնել Արցախյան պատերազմում, ինչպիսի դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել մյուս երկրների միջև, ինչպես ենք դարձել ազգային հանրության անդամ։
«Ինչպե՞ս կարող է այդ դեպքերի մասին երեխան պատկերացում չկազմել։ Դրա համար էլ վերջին տասնամյակների դեպքերը առանց քաղաքական գնահատականների, պոզիտիվ շարադրանքի տարբերակով, փորձել ենք ներկայացնել»,–ասում է նա։
Մելքոնյանը վստահեցնում է, որ այլևս դասագիրք չեն գրելու, քանի որ դա անշնորհակալ աշխատանք է. գովասանքի խոսք դեռ իրենց հասցեին չեն լսել, միայն քննադատություն է, մինչդեռ ամբողջ 1918–1920թ.թ. հանրապետության պատմությունը, խորհրդային ժամանակաշրջանը, երրորդ հանրապետության պատմությունը առաջին անգամ հանրությանն են ներկայացրել դասագրքի մակարդակով:
Ի՞նչ գրել դասագրքերում. պատմաբանները ընդհանուր հայտարարի չեն գալիս