ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի միջազգային վարպետ Մարիա Գևորգյանի համար չեղարկել են Թուրքիայում կայանալիք շախմատի մրցաշարի հրավերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
Գևորգյանին հրավիրել էին Sivas Buruciye բաց մրցաշարին, որը ընթանում է Թուրքիայում։ Սակայն մրցաշարից մի քանի օր առաջ կազմակերպիչներից մեկը` Մուսթաֆա Էրօղլուն, հայտարարեց, որ ադրբեջանցի շախմատիստուհիները հրաժարվել են խաղալ նրա հետ նույն մրցաշարում։ Նրանք հայտարարել են, որ կլքեն մրցաշարը, եթե Գևորգյանը մասնակցի դրան։ Այսպիսով` թուրքական կողմը որոշել է չեղարկել հայ շախմատիստուհու հրավերը։
Ինչպես հայտարարեց Լպուտյանը` Հայաստանի շախմատի ֆեդերացիան արդեն իր վերաբերմունքը հայտնել է տեղի ունեցածի նկատմամբ և մտադիր է բողոքով դիմել FIDE։
Հիշեցնենք, որ Գևորգյանը խաղում է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում։