Հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի. մեկնարկեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Հայաստանը փառատոնին այս տարի կներկայացնի երեք ֆիլմ, որոնց հեղինակներն են Լիլիթ Բարսեղյանը, Քրիստինե Ղազարյանը Արսեն Առաքելյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. 21-րդ դարում մարդկային արժեքների քարոզը կենսական նշանակություն ունի, քանի որ այժմ մարդն անհամեմատ մեծ «հնարավորություն» ունի սխալներ գործելու համար։ Այս մասին այսօր, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։

Նշենք, որ օգոստոսի 23-ից 30 –ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:

«Զարկերակը` լեռներում». Հայաստանում անցկացվելու է առաջին միջազգային բայքերական փառատոնը

Ծրագրում կցուցադրվեն միջազգային փառատոնային ֆիլմեր (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում՝ խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են արդիական խնդիրներին և ուղղված են վերականգնելու ընտանեկան արժեքները:

Փառատոնը կունենա երկու բացում. այսօր` օգոստոսի 23–ին, Մոսկվա Կինոթատրոնում կցուցադրվի  «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում - քննարկում  ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ վաղը ՝ օգոստոսի 24 –ին, կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ:

Ֆիլմեր` ցանկացած ճաշակի համար. տնօրինությունն ամփոփել է «Ոսկե ծիրանի» արդյունքները

«Այս փառատոնը հիմնված է մարդկային արժեքների գաղափարախոսության վրա։ Շատ լավ է, որ այն իր նախագծերն իրականացնում է պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների հարևանությամբ (փառատոնի բացօթյա բացումն, օրինակ, տեղի կունենա Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում), որովհետև այդ գաղափարը հետագայում դառնալու է մեր կողմից պահանջ բոլոր փառատոնների կազմակերպիչներին»,-ասաց Խզմալյանը և հավելեց, որ այս փառատոնը ներկայացնում է մարդկանց, որոնք իրենց անձնական փորձով ցույց են տվել, թե ինչպես կարելի է հաղթահարել ամենաբարդ իրավիճակները:

Փոխնախարար Խզմալյանը հավելեց, որ շատ է ուրախանում, որ փառատոնի մեջ ընդգրկված է ներառականության գաղափարը:Կազմակերպչական խմբին են միացել նաև մանկատների երեխաները, որոնք իրենց ձեռքով պատրաստել են խաչքարի տեսքով հուշանվերներ:

Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ

«Ֆրեսկոն ևս մեկ պատգամ է հոգևոր կյանքի նկատմամբ չսառելու համար»,-ասաց փառատոնի խորհրդի անդամ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Ռուսաստանից ժամանած փառատոնի հյուր Նատալյա Կռելը նշեց, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց: Նատալիան Ռուսաստանում բազմաթիվ նախագծեր է իրականացնում խոցելի խմբերի համար: Նա հավաստիացրեց, որ այսուհետ նման ծրագրեր կիրականացնի նաև Հայաստանում:

«Այսօր ապրում ենք մի դարում, որտեղ մարդիկ շատ կարևորություն են տալիս իրենց մարմնին, հաճախում են ֆիթնեսի, դիմում են երիտասարդացնող վիրահատությունների` մոռանալով, որ հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի»,-ասաց  նա։

Նշենք, որ փառատոնին ներկայացվել է 2000 դիմում՝ 32 երկրներից, որոնցից ընտրվել են 37 ֆիլմ 17 երկրից: Ժյուրիի կազմում են կինոգործիչներ, հոգևորականներ, արվեստագետներ և սոցաշխատողներ:

«Ոսկե ծիրանի» կազմակերպիչները պատասխանում են խիստ քննադատներին. փառատոնն անակնկալներ ունի

Փառատոնի իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախադրության և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: