ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող 1–սենյականոց բնակարանը՝ 45.2 քմ մակերեսով, կառավարության որոշմամբ հատկացվեց հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորի ընտանիքին։
Բնակարանը, որ մինչ այժմ գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում և գնահատված է 10 620 000 դրամ, կառավարության որոշմամբ անհատույց կտրամադրվի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մորը` Նունե Հակոբյանին։
Կառավարության որոշման նախագծում նշված է, որ այս ընտանիքն անօթևան է, և մայրը` երկու երեխաների հետ, մինչև այժմ ստիպված է եղել բնակվել վարձով։
Հիշեցնենք` 20–ամյա զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը զոհվել էր 2017թ.–ի նոյեմբերի 4-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով։