ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ֆուտբոլի հայ սիրահարներն անհամբերությամբ սպասում են «Արարատ–Արմենիայի» և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» երկու խաղերին. հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ կարող է հայտնվել խմբային եվրագավաթային մրցաշարում։ Մնացել է ընդամենը մեկ քայլ անել` երկու խաղերի արդյունքում հաղթել լյուքսեմբուրգցիներին։
Մրցակիցը, ամենայն հավանականությամբ, անպարտելի չէ։ Բայց մենք քիչ բան գիտենք Լյուքսեմբուրգի ֆուտբոլի մասին, հատկապես` ակումբային։ Բարեբախտաբար, մենք ունենք Ալեքսանդր Կարապետյան, որը վերջերս է ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և հասցրել նվաճել երկրպագուների սերը։
Ալեքսանդր Կարապետյանը խաղացել է մի քանի լյուքսեմբուրգյան ակումբներում, ուստի անհնար էր գտնել ավելի տեղեկացված մարդու։ Կարապետյանը համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիային հարցերին, իսկ հարցերը եղել են Սոչիի նոր ակումբի, «Դյուդելանժի» և ընդհանուր առմամբ Լյուքսեմբուրգի ֆուտբոլի մասին։
Սոչիի մասին
Ինձ շատ դուր է գալիս Սոչիում։ Բախտս բերել է` այստեղ շատ հայեր կան. նրանք ինձ շատ են աջակցում խաղերի ժամանակ, մշտապես գրում Intsagram–ում և Facebook-ում։ Նրանց խոսքերը շատ են ուրախացնում և ուժ հաղորդում ինձ, օգնում աշխատել և զարգանալ։
Երեք օր առաջ մարզումից հետո թիմակցիս հետ ոտքով տուն էի վերադառնում։ Երբ անցնում էինք շուկայի կողքով, որտեղ շատ են տեղացիները, ինձ ճանաչեցին և սկսեցին երգել այն, ինչ երգում են մարզադաշտում. «Կարա, Կարա, Կարապետյան»։ Եվ հենց շուկայում մի քսան հոգի սկսեցին ձայնակցել, մոտեցան և լուսանկարվեցինք։ Այդ ամենին նայում էին կողքով անցնող ավտոմեքենաների վարորդները, որոնք նույնպես կանգ էին առնում` լուսանկարվելու և զրուցելու համար։ Հիմա ինձ այնտեղ բոլորը ճանաչում են, հյուրասիրում են։
Ունենք մշակած տակտիկական պլան «Դյուդելանժի» հետ հանդիպման համար. Վարդան Մինասյան
«Սոչիում» իմ կայացման հարցում հսկայական դեր է խաղացել Ռոման Բերեզովսկին։ Երբ առաջին անգամ խաղում էի ազգային հավաքականում, Ռոմանը դեռ թիմում էր, մենք այդ ժամանակ ծանոթացանք, շփվեցինք։ Կարելի է ասել, որ ես ակումբում հայտնվել եմ նաև նրա շնորհիվ։
Նա ինձ զանգահարեց, հարցրեց, թե ինչպիսի ծրագրեր ունեմ և մտածո՞ւմ եմ արդյոք ակումբ փոխելու մասին. «Ես տեղափոխվել եմ «Սոչի», եթե քեզ հետաքրքիր է, կարող ես զննում անցնել»։ Ես համաձայնեցի, տոմս գնեցի, հաջորդ օրը մեկնեցի Սոչի և ահա ես այստեղ եմ։
«Դյուդելանժի» մասին
Մի քանի տարի առաջ «Դյուդելանժը», կարելի է ասել, Լյուքսեմբուրգի գլխավոր թիմն էր։ Նախագահը և սեփականատերը միլիարդատեր Ֆլավիո Բեկան է։ Ֆլավիոն մեծ գումարներ է ներդնում թիմում, համենայն դեպս, Լյուքսեմբուրգի չափանիշներով խաղացողների աշխատավարձերը բարձր են։
Բեկան մեծացել է իտալացի ներգաղթյալների ընթացքում, շատ զգացմունքային է և հավակնոտ, ուստի մշտապես նոր խաղացողներ է գնում։ Երբ տեսնում է լավ խաղացողի, միանգամից գնում է նրան ուրիշ թիմից։ Եթե սովորաբար թիմն ունենում է 11 խաղացող և պահեստայիններ, ապա նրա մոտ կա միանգամից 40 խաղացող, ընդ որում, բոլոր ֆուտբոլիստները լավն են։ Նա դա անում է նաև մրցակիցներին թուլացնելու համար։
Սակայն 2018թ.–ին որոշակի քաղաքական իրադարձությունների պատճառով Բեկան որոշեց կրճատել ֆինանսավորումը և ուրիշ թիմ գնել, սակայն տեղի իշխանությունները թույլ չտվեցին։ Բեկան էլ գնեց Բելգիայի երրորդ դիվիզիոնի «Վիրտոն» թիմը և շատ ուժեղ խաղացողների ուղարկեց այնտեղ։ Բնականաբար, նման կազմով նրանք դուրս են եկել երկրորդ դիվիզիոն և այս խաղաշրջանում պետք է մտնեն բարձրագույն լիգա։
Արդյունքում «Դյուդելանժում» մնացել է միայն երիտասարդությունը. բոլորն ասում էին, որ «Դյուդելանժը» պետք է զբաղեցնի 8–րդ տեղը ազգային առաջնությունում, իսկ Չեմպիոնների լիգայում թիմը կխայտառակվի։ Հենց դրանից էլ սկսվել է խաղաշրջանը. նրանք պարտվել են մալթական «Վալետային», սակայն Եվրոպայի լիգայում «Դյուդելանժը» կարողացել է ապացուցել հակառակը և հասել մինչև ընտրության վճռորոշ փուլ։ Հանուն արդարության ասեմ, որ նրանց բախտը բերել է մրցակիցների հարցում. Մակեդոնիայի «Շկենդիան» և էստոնական «Նիմե Կալյուն» օբյեկտիվորեն բավական թույլ թիմեր են։
Իմ կարծիքով` երկու ամենաուժեղ խաղացողները կիսապաշտպաններն են` գերմանացի Դոմինիկ Շտոլցը և լյուքսեմբուրգի Դանել Սինանին։
Լյուքսեմբուրգի մասին
Լյուքսեմբուրգի ազգային առաջնությունում խաղացող գրեթե բոլոր ֆուտբոլիստներն աշխատում են ուրիշ տեղերում։ Առավոտյան և ցերեկը աշխատում են, երեկոյան` մարզվում։ Վերջին 2-3 օրերին շատ խաղացողներ Լյուքսեմբուրգից տեղափոխվել են ավելի ուժեղ առաջնություններ։
Օրինակ` Ժերսոն Ռոդրիգեշը խաղում է Կիևի «Դինամոյում», Լեանդրու Բարեյրուն` «Մայնցում», Օլիվյե Թիլը` «Ուֆայում», ևս մի քանիսը խաղում են Ուկրաինայի, Կիպրոսի, Գերմանիայի, Հոլանդիայի առաջնություններում։ Շատ գործող ֆուտբոլիստներ աշխատում են 8 ժամ, հետո մարզվում են և հասցնում խաղալ Չեմպիոնների կամ Եվրոպայի լիգայում։ Նախկինում Լյուքսեմբուրգի թիմերը երկրորդ փուլից այն կողմ չեն գնացել, իսկ «Դյուդելանժին» հաջողվել է։
Լյուքսեմբուրգում ես նարգիլեի բար ունեի, այնտեղ գալիս էին հայեր Փարիզից, Մեցից, Բորդոյից, ոմանք այցելում էին իմ հաստատություն, նույնիսկ երբ ես այնտեղ չէի։ Լյուքսեմբուրգում ապրող հայերի չեմ հանդիպել։
ԱԼեքսանդր Կարապետյանը դիվանագիտորեն խուսափեց գալիք հայ–լյուքսեմբուրգյան խաղի արդյունքը կանխատեսելուց` հաջողություն մաղթելով երկու թիմերին էլ։
Այս տարի Ալեքսանդր դառնում է 32 տարեկան։ Նա ծնունդով Թբիլիսիից է։ 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա։ Հայտնի է, որ նա վատ գիտի հայերեն և վրացերեն, բայց ազատ խոսում է գերմաներեն։ Երկար մորուքի և խառը մենամարտերի հայտնի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ նմանության պատճառով նրան ասում են «Հայկական Մաքգրեգոր»։ Կարապետյանը 2011թ–ից ընդհատումներով խաղում է Հայաստանի հավաքականի կազմում։ Անցկացրել է 8 հանդիպում, դարձել 4 գոլի հեղինակ։