ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի` «Մասիվցի Անդիկի», սպանության մեջ կասկածվողը ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա մի բնակիչ է:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը:
Մեղադրյալը` ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա բնակիչը, 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 2-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա տղամարդ, որը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է:
Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում Մասիվցի Անդիկի սպանությունից
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դիակը: