ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Jamiroquai (Ջեմի Ռոքվայ)հայտնի խումբը առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում։
Silk Note Festival-ի շրջանակում նոյեմբորի 6–ին, «Հրազդան» մարզադաշտում Հայաստանը կհյուրընկալի միակ և անկրկնելի Jamiroquai (Ջեմի Ռոքվայ) խմբին:
Այս հնարավորությունը ստեղծվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ջանքերով:
Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:
1993-ին խմբի առաջին՝ Emergency on Planet Earth ալբոմի լույսընծայումից հետո, Jamiroquai-ն յուրատեսակ կերպով ամփոփեց ժամանակակից փոփ երաժշտությունը՝ դառնալով մերօրյա վառ արտիստներից շատերի համար իսկական հեղինակություն: Jamiroquai-ի երկրպագուների թվում են Chance the Rapper-ը, Pharrell-ը, Tyler the Creator-ը, Jungle-ը, Redman & The Internet-ը։ Խումբը պատմական ելույթներ է ունեցել Սթիվի Ուանդերի և Դայանա Ռոսի հետ:
Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-նյակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): «Գրեմմիի» դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար: