Հայաստանում արգելակման կոճղակներ կարտադրեն. ԱՄԷ–ում գործող ընկերությունը գործարան է բացում

Հարկային արտոնություն գուլպաներ, ալյումինե դուռ–պատուհան ու արգելակման կոճղակներ արտադրողներին։ ՀՀ կառավարությունը շուրջ 11 մլն դրամի հարկային արտոնություն տրամադրեց տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում արտադրվող արգելակման կոճղակներն այսուհետ կարտադրվեն Հայաստանում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով` ԱՄԷ–ում աշխատող «ԱՖԱ» ընկերությունն այս պահին գտնվում է արտադրությունը Հայաստան տեղափոխելու փուլում։

Թելը ոսկու գին չի ունենա, աշխատողներն էլ կարգին փող կստանան. Մարալիկում գործարան է բացվել

Ընկերությունը 300 մլն դրամի ներդրումային ծրագիր է ներկայացրել` խոստանալով հգործունեության առաջին տարում բացել 20, երկրորդ տարում` 35 աշխատատեղ։

Հարկային արտոնություն ստանալու համար կառավարությանը դիմած հաջորդ ընկերությունը գուլպաների արտադրությամբ զբաղվող «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է։ Այն, նախարարի խոսքով, այժմ 272 աշխատող ունի, իսկ արտադրությունն ընդլայնելու պարագայում խոստանում է ստեղծել լրացուցիչ 50-60 նոր աշխատատեղ։

Այս ընկերությունը կառավարությունից ակնկալում է 3.3 մլրդ դրամի արտոնություն։

Հայաստանի բյուջեն ու ընդերքը. որքան են վճարել հանքարդյունաբերողները պետությանը

Հարկային արտոնություն ակնկալող երրորդ ընկերությունը ալյումինե դուռ–լուսամուտների արտադրությամբ զբաղվող «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է։ «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կապիտալ սարքավորումների ներդրում` 1 մլրդ դրամի սահմաններում։ Ներկայում կազմակերպությունում աշխատում է 281 մարդ, նախատեսվում է ևս 50 աշխատատեղի ստեղծում` 280 000 դրամ աշխատավարձով»,– հայտնեց Խաչատրյանը։

Ընդհանուր առմամբ, նախարարի հաշվարկով, երեք կազմակերպությունները միասին խոստանում են 11. 3 մլրդ դրամի ներդրում։

Կառավարությունը միաձայն հավանություն տվեց ընկերությունների ներդրումային ծրագրերին հարկային արտոնություններ տրամադրելու նախագծերին։