Ինչ են ակնկալում Քոչարյանի պաշտպանները Վենետիկից. Հովհաննես Խուդոյանի մեկնաբանությունը

Սահմանադրական դատարանի այսօր տարածած հաղորդագրության շուրջ Sputnik Արմենիան զրույցել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Փաստաբանը ներկայացրել է, թե ինչ ակնկալիք ունեն Վենետիկի հանձնաժողովից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վենետիկի հանձնաժողովից ունեն նույն սպասելիքները, ինչ նախապես ունեցել են ՍԴ դիմելուց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` մեկնաբանելով ՍԴ տարածած հայտարարությունը` Վենետիկի հանձնաժողովից ստացած գրության մասին։

Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել

Հիշեցնեք` ՍԴ նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու խորհրդատվական կարծիք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ։

«Ակնկալում ենք, որ վերջնական գնահատականը լինելու է այն, որ այդ հոդվածները որոշակի չեն և չեն կարող հիմք հանդիսանալ պատասխանատվության համար»,– ասաց փաստաբանը։

Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարտադիր հիմք չի կարող հանդիսանալ, այն ունենալու է միայն խորհրդատվական նշանակություն, ուստի ՍԴ–ը կարող է նաև դրանից տարբերվող որոշում կայացնել։ Բայց փաստաբանը գործի նման ընթացքը քիչ հավանական է համարում։

Քոչարյանը քաղբանտարկյալ է. ՀՀ 2–րդ նախագահի աջակիցները նամակներ հանձնեցին դեսպաններին

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

ՍԴ–ն նաև որոշել էր Քոչարյանի գործի վարույթը կասեցնել` մինչև ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովից պատասխանները ստացվեն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանին տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված դիմումն առաջնահերթության կարգով կքննարկվի։