Հրդեհ Արայի լեռան ստորոտում. նոր օջախ է հայտնաբերվել. տեսանյութ

Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև քաղաքացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը ոչ միայն չի մարել, այլև նոր օջախ է բացվել։ 

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նշելով, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:

Արայի լեռան ստորոտում մոտ 150 հեկտար խոտածածկ տարածք է այրվում. տեսանյութ

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ  մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ և յոթ մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև քաղաքացիները, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից:

Հրդեհը ժամը 02:15-ին մեկուսացվել է, սակայն այսօր առավոտյան ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: