2500 մետր բարձրության վրա. հողմային կայանները`Արցախից Երևան նոր ճանապարհի փարոս

Հողմային էներգետիկան ցանկանում են ապագայում ընդլայնել և խոշորացնել` ավելացնելով դրան արևային վահանակները։ Նման համակցված կայանն ավելի արդյունավետ կաշխատի էլեկտրացանցի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Երկար տարիներ Հայաստանում` Պուշկինյան լեռնանցքում,  գործել է 2,6 ՄՎտ հզորությամբ մեկ հողմային էլեկտրակայան։ Երկրորդը, որը գտնվում է Զանգեզուրի լեռներում, աշխատում է 2015թ.–ից, երրորդը` Արևելյան Սևանի լեռներում գործարկվել է անցած տարվա վերջից։

Հայաստանը մինչև 2019 թվականի ավարտն արևային էժան էներգիա կստանա

Այստեղ` Սոթքի ոսկու հանքից ոչ հեռու, Zod Wind ընկերությունն արդեն տեղադրել է երկու հողմային կայան` 660 ԿՎտ հզորությամբ գեներատորներով։ Այսինքն` ընդհանուր առմամբ` ավելի քան 1,3 ՄՎտ։ Ապագայում էլեկտրակայանի հզորությունը ցանկանում են հասցնել առնվազն 30 մեգավատի։

Վերջերս ընկերությանը էլեկտրականությունը վաճառելու համար սակագին են տրամադրել ` 52,3 դրամ մեկ ԿՎտ/ժ դիմաց, ներառյալ ԱԱՀ։ Այն Հայաստանում գործող ամենաբարձր սակագինն է և սահմանվել է հատուկ հողմային էներգետիկայի համար։ Բացի դրանից, էլեկտրացանցերը հողմային և արևային կայաններից պետք է 20 տարվա ընթացքում երաշխավորված գնեն ամբողջ էներգիան։

Հայաստանը մինչև 2019 թվականի ավարտն արևային էժան էներգիա կստանա

«Առայժմ մենք ստացել ենք 1,3 մեգավատի սակագին, բայց ուզում ենք հասցնել հզորություններն ավելի քան 30-ի։ Ուստի, բանակցություններ ենք վարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որպեսզի այդ սակագինը տարածեն մեր ամբողջ նախագծի վրա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Zod Wind–ի համահիմնադիր Սերգեյ Ազարյանը։

Երևանի ՋԷԿ–ը սկսեց աշխատել. կարտադրվի 7 ՄՎտ-ով ավելի էլեկտրաէներգիա

Այդ դեպքում կայանի աշխատակիցները կլինեն ոչ թե երեքը, ինչպես հիմա, այլ 30  և ավելի։ Ընդ որում, Հայաստանի համար նոր մասնագիտությամբ` «հողմաէներգետիկ»։

Հողմաղացները կիսում են Երևանից Ստեփանակերտ տանող ճանապարհը. դրանք գտնվում են Գեղարքունիքի մարզի և Արցախի Քարվաճառի շրջանի սահմանին։ Այստեղից 200-300 մետր հեռավորության վրա անցնում է Վարդենիս–Մարտակերտ նոր ճանապարհը։ Քանի որ հողմաղացները տեղադրված են սարերի գագաթին, այն էլ` 60–մետրանոց կայմերի վրա, ապա դրանք մի քանի կիլոմետր հեռավորությունից տեսանելի են։

Ամռանը կայանն արտադրում է ժամում 350-400 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ձմռանը արտադրությունը բարձրանում է. ձմռան ամիսներին այստեղ փչում են մինչև 25 մետր վայրկյան արագությամբ քամիներ։ Պետք է ավելացնել, որ դրանք գտնվում են ծովի մակարդակից 2500 մետր բարձրության վրա` գումարած գետնից ևս 60 մետր բարձրությունը։ Եթե հողմաղացների թիակներին չհետևեն, ապա դրանց վրա մշտապես սառույց կառաջանա։ Բայց նոր կառուցվածքի տուրբինները` գնված Գերմանիայում, վիբրացիայի օգնությամբ թափում են իրենց վրայից սառույցը։

Ավստրալիայի ճանապարհով. ինչպես կզարգանա արևային էներգետիկան Հայաստանում

Ինչպե՞ս է հաջողվել ձեռք բերել դրանք։ Բանն այն է, որ Արևմուտքում հողմային կայանների համար սկզբից բարձր սակագին են սահմանում, իսկ հետո աստիճանաբար նվազեցնում են այն` տուրբինների մաշվածությանը զուգահեռ։ Ուստի հողմաղացները շահագրգռված են իրենց գեներատորները հնարավորինս արագ փոխելու մեջ։ Այդ ժամանակ տեղում զարգանում է տեխնիկայի արտադրությունը և ավելի արագ են մշակվում նոր մոդելներ։ Իսկ հին հողմային կայանները հարմար գներով վաճառում են ուրիշ երկրներին։

200 մլն դոլար` Հայաստանում քամուց էներգիա ստանալու համար. բիզնեսը պատրաստ է ներդրումների

«Սարսափելի ոչ մի բան չկա. լավ էլ աշխատում է, մինչև հիմա չենք բողոքել», – հավելում է  Ազարյանը։

Հողմային էլեկտրակայանի համար պետք է երկու բան` ոչ միայն խելառ քամի գլխավերևում, այլ նաև ամուր հող ոտքերի տակ. հողմակայանը կշռում է ավելի քան 120 տոննա։ Ուստի այստեղ ուսումնասիրում են ոչ միայն քամու ուժը և ուղղությունը, այլ նաև տեղանքի սեյսմակայունությունը։ Ընկերությունն արդեն նախապատրաստել է 24 հարթակ։

Ընկերությունը երազում է համակցված էլեկտրակայանի մասին` արևային–հողմային։ Նման մոդել քննարկվել է Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ  էներգետիկայի փոխնախարարը Հայկ Հարությունյանն էր։ Հենց նա է հիմք պատրաստել Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման համար, այնուհետև առաջարկել արտոնություններ սահմանել արևային–հողմային համալիրների վրա։ Ուստի համակցված կայաններն ավելի հավասարաչափ կգեներացնեն էներգիան` առանց օրական կտրվածքով խափանումների, որոնք դժվարություններ են ստեղծում ցանցի համար։

Հեղափոխության հետքերով. Հայաստանում ստեղծում են սարք, որը լիցքավորվում է քայլելիս

Ներկայում նախագծի քննարկումները շարունակվում են։ Մնում է հուսալ, որ դրանք ավարտին հասցվեն։ Հայաստանում մշտապես հայտնվում են նոր արևային և հողմային կայաններ, բայց արևի և քամու բաժինը հանրապետության էլեկտրականության գեներացիայի մեջ շատ քիչ է։

Քամու ուժից լիցքավորվիչ ստեղծած սիրիահայը հայտնվել է կանադական ոգեշնչման ցուցակում

Որքան շատ աջակցել դրանց, այնքան շատ երկիրը մաքուր էներգիա կստանա։ Ճիշտ է, այն համեմատաբար թանկ է, բայց «կանաչ» տեխնոլոգիաներն աշխարհում մշտապես էժանանում են։ Ուստի ավելի լավ է նախօրոք պատրաստվել։