Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Դատարանն անհիմն է գտնում Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը` ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Այս մասին այսօր կայացած դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Մանվել Գրիգորյան. «Չհայտարարված պատերազմ է, չդադարեցված պատերազմ»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել էր գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրխանյան դեմ հարուցված քրգործով դատական նիստը. Գրիգորյանը ներկա չէ նիստին` առողջական խնդիրների պատճառով։

«Դատարանը որոշեց մերժել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը` Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու` այն անհիմն լինելու պատճառով»,–ասաց դատավորը։

Դատավորը հայտնեց նաև, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3–ին, ժամը 12։00–ին։

Բժիշկներն այցելել են Մանվել Գրիգորյանին. լրացուցիչ հետազոտությունների կարիք կա. պաշտպան

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանին, նրա կնոջն ու որդուն առաջադրված մեղադրանքի համաձայն, «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում 2018թ–ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ միլիոնավոր դրամների պահածոներ, մակարոնեղեն, շաքարավազ, ձեթ, հագուստ,  УАЗ մակնիշի 8 ավտոմեքենա։

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանվել Գրիգորյանի դատն ընդմիջվեց. փորձագետը գնաց փաստաթղթերը բերելու

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։