ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. «Վերին Լարսի» անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10․00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը և հավելում, որ այս սահմանափակումը պայմանավորված է ընթացող շինաշխատանքներով և եղանակային շոգ պայմաններով։
Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։
«Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը հավելյալ անհարմարություններ է առաջացրել անցակետը հատող քաղաքացիների շրջանում»,–ասված է դեսպանության հայտարարության մեջ։
Իրավիճակի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ։