Ներքաղաքական աշունն, արդեն կարելի է չկասկածել՝ խոստանում է հետաքրքրաշարժ լինել և աշխույժ՝ անցուդարձի առումով: Նման սպասման հստակ ազդանշաններն արդեն կային, բայց հավելյալ ընդգծվեցին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին գրառումից ու հաջորդած հարցազրույցից հետո: Եվ այսպես, ինչի՞ սպասել:
Առաջինն, իհարկե, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն էր, որ աշնանը կավարտվի կամ իմի կգա ընդդիմադիր դաշտի միավորման գործընթացը, «կոնսենսուս՝ մինուս մեկ» բանաձևը հստակ մարմնավորում կստանա, իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության դեմ ընդդիմության պայքարը՝ էլ ավելի համակարգված և հստակ բնույթ:
Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի գրառմանը, ապա հիմնական շեշտերից մեկն այն է, որ անցյալ տարվա ապրիլին «հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր», սակայն հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և «այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը՝ շատ տխուր հետևանքներով: Սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով»:
Հաջորդ օրը news.am-ին տված հարցազրույցում Միքայել Մինասյանը հայտարարեց. «Իշխանությունն ունի մեկ՝ վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա շեփորները վաղուց են ձայնում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելու պայմաններում նաև Սերժ Սարգսյանին ձերբակալելու ենթադրվող հավանականության մասին հայտարարությունն, իհարկե, չէր կարող աննկատ մնալ, ու շատերը, անխոս, սևեռվեցին հենց այդ շեշտադրման վրա:
Դժվար է ասել՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, կամ թեկուզ իր՝ Միքայել Մինասյանին ձերբակալելու հնարավորության մասին այդ հայտարարությունը այդ տարբերակի չեզոքացմա՞նն է ուղղված, թե՞ իրական հնարավորության վերաբերյալ կոնկրետ ահազանգ է: Դժվար է նաև վստահ լինել այն հարցում՝ նման մի սխալ թույլ տալուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թույլ կտա՞ երկրորդ նմանատիպ սխալը, թե՞ ոչ: Կարծում ենք՝ առաջիկա զարգացումները պարզություն կմտցնեն կոնկրետ այս առումով:
Իսկ այն, թե անցյալ տարվա ապրիլին տեղի ունեցածը արդյո՞ք հասունացած հեղափոխության կամ հեղափոխական տրամադրությունների իրացում էր, թե ոչ, իհարկե քաղաքագիտական տարաբնույթ դատողությունների լավ առիթ է, և քաղաքական տարբեր մեկնաբաններ այս օրերին արտահայտվեցին: Իսկ տողերիս հեղինակին, հատկապես 2018-ի ապրիլ-մայիսյան անցուդարձը հետահայաց դիտարկելուց հետո՝ այնպես է թվում, որ Հայաստանում ոչ թե հեղափոխություն էր հասունացել, այլ ավելի շուտ՝ հասունացել էր հենց իշխանափոխություն և, մեծ հաշվով, իշխանափոխություն էլ տեղի ունեցավ՝ առանց հեղափոխության: Իսկ իշխանափոխություն ասվածն էլ ավելի շատ նման էր իշխանության խաղաղ, գրեթե սահուն փոխանցման: Ողջ հարցն այն է, թե ո՞ւմ փոխանցվեց իշխանությունը և ի՞նչ ուժերի, ի՞նչ գաղափարական համոզմունքների վրա հենվող շրջանակների կամ շրջանակի:
Հեղափոխություն, մեծ հաշվով, տեղի չունեցավ նաև իշխանության փոխանցումից կամ հանձնումից հետո: Պետության կառավարման համակարգը նույնն է, արտաքին քաղաքական կողմնորոշումներն ու գերակայությունները նույնն են՝ դեռ մի բան էլ ավելի ընդգծված, պետության նախկին ղեկավարի «հագով կարած» սահմանադրական կոստյումը նոր ղեկավարն է հաճույքով հագնում:
Ամենից կարևորը՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ «կառավարման համակարգ» ասվածը գերազանցապես անձնավորված է: Ավելին, «ժողովրդական սիրո» հովերով՝ այժմ շատ ավելի է ընդգծված անձնիշխանական մոդելը, երբ ցանկացած հարց ու լուծում կախված է կոնկրետ մեկ անձի որոշումից, վերաբերմունքից, պատկերացումից, քաղաքական ցանկությունից: Իսկ հիմա նաև՝ տրամադրությունից և հուզմունքից, այս կամ այն դատական ատյանի ընդունած որոշումից: Այդ, ինչպես նաև մի ամբողջ շարք ամենատարբեր հանգամանքներ ու երևույթներ գալիս են հիմնավորելու այն պնդումը, որ կատարվածը եղած ու կուտակված խնդիրների ու դժգոհությունների վրա հաշվարկված, տեխնոլոգիաների գրագետ ու արդյունավետ կիրառմամբ կատարված իշխանափոխություն էր:
Այն, ինչ տեղի ունեցավ, նաև մշակութային հեղափոխություն էր. Փաշինյան
Կա հայտնի հեղափոխական թեզը՝ երբ ներքևինները չեն ցանկանում, իսկ վերևինները չեն կարողանում: Մեր երկրում ներքևինները, որպես կանոն, «չեն ցանկանում», բայց 2018 թվականի մարտին, ապրիլի առաջին օրերին՝ այնպես չէ, թե «վերևինները չէին կարողանում»: Հանրային հեռուստառադիոընկերության շենքի, այսպես ասենք՝ «գրոհը», կամ Ֆրանսիայի հրապարակը վրանավանի վերածելու փորձը բավարար էին պետության ռեպրեսիվ հակազդեցության համար: Կարելի է չկասկածել, որ այդ սցենարի դեպքում ոչ մի արտառոց զարգացում չէր էլ լինի: Թեթև աղմուկ ու վերջ: Բայց երբ թողնում ես, որ ջինը շշից դուրս գա՝ հետո արդեն ուշ է լինում, ինչում նախկին իշխանությունը, կարելի է ասել, համոզվեց սեփական փորձով:
Սակայն շատ ավելի հետաքրքիր է դիտարկել «իրական հեղափոխություն» ակնկալելու հավանականությունը և անհրաժեշտությունը:
Հեղափոխությունը ցանկացած դեպքում ցնցում է: Եթե խոսքը հեղափոխական հուզումների ու գործընթացների մասին է, ապա այո՛, հիացածների հիասթափության հետևանքներն իսկապես կարող են դաժան ու անողոք լինել: Բայց այդ դեպքում «փակ շրջան» է նորից գծվում, քանզի ներքին թշնամանքը նորանոր դրսևորումներ ու թիրախներ է գտնում՝ ըստ էության, այն ավելի մեծացնելով հասարակության ներսում, խորացնելով ներքին խզումները:
Այնպես որ, մի նոր հեղափոխությունը հազիվ թե կարելի է ցանկալի համարել, մանավանդ մեր աշխարհաքաղաքական, արտաքին, ներքին ու տնտեսական խնդիրների թնջուկի պայմաններում:
Նմանը նմանով բուժելու մոտեցումը, թերևս, լավագույն լուծում կարող է դիտվել, եթե նման անհրաժեշտություն հասունանա, մանավանդ, որ Սահմանադրությունն էլ հանգիստ տալիս ու նախատեսում է այդ տարբերակը: Խորհրդարանական հանրապետությունների դեպքում դա հայտնի «փորձած թանն» է, որին քաղաքագիտորեն արտահերթ ընտրություն են ասում:
Սակայն այստեղ մեկ ուրիշ հարց էլ է ծագում՝ իսկ այս պահին Հայաստանում կա՞ այնպիսի քաղաքական գործընթաց, որը կարող է բերել նման արտահերթ զարգացումների ու արդյունքների: Երկրի քաղաքական դաշտը, քաղաքական կուսակցությունները ոչ այն է արձակուրդային վիճակում են, ոչ այն է՝ աշնանային սպասումների ու մտորումների մեջ: Խնդիրներ, այո՛, կան, օրակարգային թեմաներ՝ որքան ուզեք՝ «Ստամբուլյան կոնվենցիայից» սկսած՝ Ամուլսարով վերջացրած, Սահմանադրական դատարանը գործադիրի ուղիղ վերահսկողության տակ վերցնելու պարզորոշ մղումներն էլ՝ վերադիր, բայց այդ ամենին դեռևս չկա միասնական ու ծանրակշիռ քաղաքական հակազդում:
Խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի, կարծես դեռ այնքան էլ լավ չի կողմնորոշված իր անելիքի ու նպատակադրումների հարցերում, մանավանդ՝ միասին կամ առանձին հանդես գալու իմաստով, իսկ արտախորհրդարանական ուժերը դեռևս վերակազմավորման և վերադասավորումների փուլում են լավագույն դեպքում: Այսինքն՝ նկատելի քաղաքական պրոցես պետք է լինի, որը հետո վերաճի ինչ-որ զարգացման:
Բայց ամենից կարևորն այն է, թե կա՞ն համապատասխան տրամադրություններ հասարակության ներսում: Առայժմ այդ տրամադրություններն իրենց ամբողջության մեջ նախահեղափոխական չես համարի, իսկ արտաքին տպավորությամբ՝ ագրեսիվ-սպասողական են: Պարզ է, որ նման պայմաններում տրամադրության փոփոխության առումով որոշիչ կարող են դառնալ սոցիալական ու տնտեսական շոշափելի տատանումները: Մարդկանց մեծ մասը, հատկապես՝ ովքեր ոգևորված «հեղափոխություն էին անում» կասթա զարկելով կամ փողոց փակելով, դեռևս չի ցանկանում ընդունել, որ հերթական անգամ իրենց սպասումները հեռու են իրականությունից ու գնալով ավելի են հեռանում:
«Գունավոր հեղափոխություն» կամ... ո՞վ է իրականում կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում
Մարդկանց մեծ մասը դեռ նախընտրում է քաղցր հեքիաթներ լսել կամ գոնե սիրո խոստովանություններ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների կատարմամբ: Սիրում ենք բոլորդիդ: Հրաշալի է, բայց սերը քաղաքական կատեգորիա չէ: Սա՝ իմիջիայլոց: