ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ապրիլյան պատերազմի զոհերից Ադամ Սահակյանը զորամասում չէր ասել, որ կարողանում է լավ նկարել կամ նախագծել (նա մասնագիտությամբ ճարտարապետ–դիզայներ էր), որպեսզի նրան առաջնագիծ տանեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ադամի հայրը` Խաչատուր Սահակյանը։
Այսօր Ադամի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան։ Ադամի ընտանիքը, ընկերները, հարազատներն այցելել էին Եռաբլուր, որտեղ նաև օրհնության կարգ կատարվեց` ինչպես Ադամի, այնպես էլ մյուս բոլոր զոհերի հիշատակին։
«Ադամն անվախ էր ու պատրաստ էր կյանքը տալ ոչ միայն հայրենիքի, այլ նաև իր հարազատների, ընկերների համար։ Դրա համար էլ նա առաջնագծում էր ուզում լինել` նրանց կողքին, ովքեր կարող են վտանգի տակ լինել։ Ադամը դեռ մանկուց նայում էր մարտական ֆիլմեր. ֆիլմեր, որոնք գուցե նաև իր մասին էին»,–ասաց Խաչատուր Սահակյանը։
Նրա հոր խոսքով` եթե հանկարծ Ադրբեջանը որոշի մարտական գործողություններ սկսել և ինչ-որ տարածքներ գրավել, առաջիններից մեկն ինքն է մեկնելու սահման։ Խաչատուր Սահակյանը նշում է, որ վստահ է` իրեն նաև բոլոր զոհերի հայրերն են միանալու։ «Եթե հակառակորդը շփոթվի անգամ 10 սմ կամ կես քայլ ուզենա առաջ գալ, 10 վայրկյան հետո ես կլինեմ 102 բարձունքում` Ադամի դիրքում։ Կխորտակենք Ադրբեջանը ծովի խորքերը, ու վերջում ջրի վրա կգրենք` այստեղ միշտ ծով է եղել»,–ասաց նա։
Ադամի մայրը` Գայանե Սահակյանը, նշեց, որ ամեն օր սպասում է Ադամի վերադարձին, բացի այդ, կարծում է, որ Ադամն «ավելի շատ կա ու ներկա է», քան շատ–շատերը։ Տիկին Գայանեի խոսքով` օգոստոսի 19–ին ինքը միշտ իրեն երջանիկ է զգացել` այդպես է նաև հիմա, քանի որ Ադամն իր ներկայությունը միշտ զգացնել է տալիս։ Ըստ նրա` դեռ երեկ կեսգիշերից սկսած շնորհավորանքներ է ստացել տղայի ծննդյան օրվա կապակցությամբ։
«Երեկ կեսգիշերից հետո, երբ օրը փոխվեց, աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորանքներ էին հղում ինձ։ Ամենաշատն ինձ հուզեց մի կնոջ նամակ, որն ասում էր, թե երեք որդի ունի, որոնց մեծացնում է շատ ազատ` այնպես, ինչպես կուզեր Ադամը։ Ես հպարտ եմ, որ այդ կինն իր տղաների համար Ադամին որպես օրինակ է ընտրել»,–ասաց տիկին Գայանեն։
Տիկին Գայանեի հարսը` Անի Ամիրջանյանը, կիրառական արվեստով է զբաղվում և սիրում Ադամի դիմանկարը նկարել։ Անին հիմա էլ գորգ է գործում ու մտածում` Ադամին նվիրված բոլոր աշխատանքները մի օր ցուցադրելու մասին։ Անին, ի դեպ, հենց Ադամի միջոցով էլ ծանոթացել է Ադամի եղբոր` Մուշեղի հետ, սիրահարվել ու ամուսնացել։ «Ադամի նկարն էի նկարել, և ուզում էի այն ոչ թե փոխանցել Ադամի ծնողներին, այլ ինքս գնալ ու տեսնել` ինչ պայմաններում է ապրում նրա ընտանիքը, որ այդքան լույս է ճառագում Ադամից։ Ճիշտ է, դժվար է անծանոթի նկարը նկարել, սակայն Ադամի դեպքում այդպես չէր. ինձ թվում էր` ես նրան ճանաչել եմ»,–ասաց նա։
Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ
Անին պատմեց, որ Ադամի` զինվորական համազգեստով նկարած իր նկարով այցելել է նրանց տուն, տեսել Ադամի եղբորը, Մուշեղին ու այդտեղից էլ կամաց–կամաց սկսվել է ամեն ինչ...
Ի դեպ, զույգը որոշել է` իրենց որդուն Ադամի անունով են անվանակոչելու։