Մահացել է ՀԱՕԿ առաջին նախագահը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ցավակցություն է հայտնել Ռուբեն  Հակոբյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Երկարատև հիվանդությունից հետո 74 տարեկանում մահացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Հաղորդագրության մեջ կոմիտեն ցավակցություն է հայտնել Հակոբյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ մաղթելով ուժ, ամրություն և համբերություն:

Ռուբեն Հակոբյանը ոչ միայն ստեղծման պահից ղեկավարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, այլև եղել է դրա ստեղծման ակունքներում։

ՀԱՕԿ. Տղամարդ բռնցքամարտիկները կմենամարտեն առանց սաղավարտի

1989 թվականին, այն ժամանակ դեռ Հայաստանի սպորտկոմիտեի նախագահի պաշտոնում, Ռուբեն Հակոբյանը Մոսկվայում հանդիպում էր ունեցել ԽՍՀՄ-ի Օլիմպիական կոմիտեի նախագահ Վիտալի Սմիրնովի հետ: Մտերմիկ զրույցի ժամանակ Սմիրնովը խորհուրդ էր տվել Հայաստանում ևս Օլիմպիական կոմիտե ստեղծել։

Հայաստան վերադառնալուց հետո Հակոբյանն այդ գաղափարի շուրջ էր միավորել մարզական ոլորտի գիտակներին։ Իսկ 1990 թվականին ստեղծվում է կազմկոմիտե` օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանի, Հարություն Յավրյանի, Միքայել Իսպիրյանի և այլոց մասնակցությամբ։

Նոր մարզական կառույցի ստեղծման համար կազմկոմիտեն սկսել էր ուսումնասիրել միջազգային փորձը, միջազգային կոմիտեների հետ կապեր հաստատել։

Իսկ 1990 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանի Շախմատի տանը կայացել էր Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի հիմնադիր նիստը, որի ընթացքում էլ Ռուբեն Հակոբյանն ընտրվել էր ՀԱՕԿ-ի նախագահ։

Սպորտային փառատոնը մեկնարկեց. ի՞նչ սպասել Հայաստանը ներկայացնող մարզիկներից