Սադախլոյում հերթեր չկան. դեսպանն այցելել է սահմանային անցակետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն անձամբ է այցելել Սադախլո։ Պարզվել է, որ հերթի հիմնական պատճառը վերաարտահանվող ավտոմեքենաների քանակն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել է Վրաստան–Հայաստան սահմանային անցակետ` ծանոթանալու Սադախլոյի անցակետում տիրող իրավիճակին։

Սահմանին հերթեր են. ի՞նչ է կատարվում «Վերին Լարս» անցակետում

Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան Facebook-ի էջը։

«Այս պահին սահմանին հերթեր չկան»,– ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպան Սադոյանը հանդիպել է անցակետի ղեկավարի հետ, քննարկվել են նախօրեին տրանսպորտային միջոցների երկար հերթին առնչվող հարցեր։ Անցակետի ղեկավարը հայտնել է, որ դրա հիմնական պատճառը վերաարտահանվող տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է, որը կազմել է օգոստոսի 17-ին գոյացած մեքենաների հերթի 70-80%-ը։

Դեսպանը նշել է, որ անցակետը պարտավոր է աշխատել ողջ ծավալով և բարձր մակարդակով սպասարկել ՀՀ քաղաքացիներին։

Վարորդների համար. ի՞նչ է փոխվել Վրաստան մուտք գործելու կանոններում

Երեկ` օգոստոսի 17-ին համացանցում տեղեկություններ էին տարածվել Սադախլոյի անցակետում աննախադեպ հերթերի մասին։ Օգտատերերից ոմանք հայտնում էին, որ հերթը գոյացել է այն պատճառով, որ անցակետի վրացական հատվածում միայն մեկ անցուղի է աշխատում։

Ավելի ուշ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, և հերթի պատճառը միայն տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է։

Հայը որոշել է գումար վաստակել IQOS-ի միջոցով, բայց բռնվել է Վրաստանի «Սադախլո» անցակետում

ՀՀ դեսպանությունը հայտնել էր նաև, որ մշտական կապի մեջ է Բագրատաշեն-Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների ղեկավարների հետ, և որ անցակետի երկու հատվածներն էլ աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ ու ծավալով, գործում են բոլոր անցուղիները։