Սյունիքում աղջկան առևանգելու փորձն ավարտվել է ողբերգական վթարով

Առևանգման մասնակից 29-ամյա վարորդը տեղում մահացել է, մյուս առևանգողն ու առևանգյալը հիվանդանոցում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի-Sputnik. 19-ամյան աղջկա առևանգելու փորձը Սյունիքում ավարտվել է ողբերգական ավտովթարով, որի արդյունքում 1 մարդ տեղում մահացել է, 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Սարսափելի հրդեհ Օդեսայի հյուրանոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

Մասնավորապես, օգոստոսի 10-ին Շինուհար գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի, 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգումը կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվել է Շինուհար գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ: Նրանք նույն օրը, ժամը 22:40-ի սահմաններում Հարժիս բնակավայրի 9-րդ փողոցի վերջնամասից խաբեությամբ՝ իբրև թե զրուցելու պատրվակով Սոնա Գ.-ին նստեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան:

Այնուհետև ավտոմեքենայում Սոնա Գ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել, ձեռքերը բռնել, բերանը փակել և առևանգել նրան: Սակայն այս առևանգումն ավարտվել է ողբերգական ավտովթարով. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում մեքենան վթարի է ենթարկվել և կողաշրջվել, ինչի հետևանքով Ա. Աղամալյանը տեղում մահացել է, իսկ Սոնա Գ.-ն և Գ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Հարուցվել են քրեական գործեր ավտովթարի և առևանգման փաստերով, գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ողբերգական ավտովթար Արցախում. կա 1 զոհ և վիրավորներ

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիս-Երևան ճանապարհին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատածից և կողաշրջվել. 29-ամյա վարորդը տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորներ Ս.Գ.-ն և 28-ամյա Գ.Մ.-ն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ։ Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: