Ինչում է Միքայել Մինասյանը ճիշտ և ինչում սխալ. քաղաքագետի գնահատականը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի Facebook-յան վերջին ընդարձակ գրառումը՝ անցյալ տարվա ապրիլ-մայիսին ծավալված դեպքերի` «այդքան ցանկալի հեղափոխության փոխարեն ընդամենը իշխանափոխություն ստանալու» մասին, բնականաբար, լայն արձագանք ստացավ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik, Արմեն Հակոբյան. «Հեղափոխության կապիտալիզացիան ենթադրում էր, որ ամբողջական իրավաքաղաքական գնահատական պետք է տրվեր նախկին համակարգին, դրա գործունեությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` խոսելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառման մասին:

«Այս առումով ինձ համար մի քիչ տարակուսելի է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն են խոսում հեղափոխության անկատարության կամ դրա՝ իշխանափոխություն լինելու մասին: Անկեղծ ասած, եթե իսկապես դասական իմաստով գործ ունենայինք հեղափոխության հետ նախկին համակարգի համար, շատ ավելի անդառնալի պրոցեսներ պետք է լինեին»,–ասաց Սուրենյանցը:

Սերժ Սարգսյանին կձերբակալե՞ն. Միքայել Մինասյանը փակագծեր է բացում

Նրա խոսքով`մեկ տարի առաջ Երևանի փողոցներում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ շատ ավելի արմատական պահանջներով էին հանդես գալիս:

«Այսինքն, իմ կարծիքով, իսկապես հեղափոխություն տեղի չի ունեցել, կատարվածը իշխանափոխություն էր։ Բայց հետևանքների իմաստով տրամագծորեն հակառակ կարծիքի եմ, ինչի մասին խոսել է պարոն Մինասյանը»,–նշեց քաղաքագետը:

Փոխարենը, մեր զրուցակիցը համաձայնեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի շեշտադրմանը, որով էլ Միքայել Մինասյանն ավարտել էր նշված գրառումը. «Վրեժխնդրությամբ առհասարակ պետություն չես կառուցի»։

«Լիովին համաձայն եմ: Տվյալ դեպքում կարևորը նախկին համակարգին գնահատական տալն է և սահմանագիծ քաշելը, պարտադիր չէ, որ պետությունն օգտագործի բոլոր ռեպրեսիվ մեթոդները: Օրինակ` Իսպանիայում, հայտնի պատմական դեպքերից հետո, գրեթե ոչ մեկը չազատազրկվեց, բայց փակվեց անցյալի օրակարգը: Այստեղ կարևորը բովանդակային լուծումներն են»,-նկատեց Սուրենյանցը:

Քաղաքագետն ընդգծեց նաև, թե հակված չէ նրան, որ բանտերը պետք է լցվեն նախկին համակարգի ներկայացուցիչներով, մանավանդ, որ մենք պետություն ենք մեր միասնական պատմությամբ։ Նա չի համարում, որ հեղափոխությամբ է սկսվել հանրապետության կյանքը և հեղափոխությամբ ավարտվելու է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որտեղ մասնավորապես նշել էր, որ հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է։