ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հայաստանում HEMP (Cánnabis satíva) անունով կանեփի աճեցման հետ կապված պատմությունը, որի մասին մենք գրել ենք նախորդ հոդվածում, մեծ աղմուկ է առաջացրել տեղեկատվական ոլորտում։ ԱՄՆ–ից Հայաստան ժամանած գործարար Ռուբեն Մկրտչյանը փորձել է այստեղ հիմնել օրենսդրության առումով փոքր–ինչ վիճահարույց, սակայն մի շարք առումներով հետաքրքիր բիզնես, այն է` կանեփի յուղ ստանալու նպատակով HEMP տեսակի կանեփի աճեցում և մշակում։
Սակայն որոշ ժամանակ անց գործարարն ու նրա հիմնած «Արմերիկա» ընկերությունը բախվել են դժվարությունների։ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետ ցանքատարածությունների պահպանության մասին պայմանագիր ստորագրելով, հետագայում այդ մարդիկ, իրենց խոսքերով, բախվել են արդեն մեկ այլ ոստիկանական ստորաբաժանման` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) խիստ գործողությունների հետ։ Այդ վարչության աշխատակիցները քրեական գործ են հարուցել և փորձել ոչնչացնել կանեփի ցանքատարածությունները։ Այս պատմությունը պարզելու նպատակով մենք այն ժամանակ դիմեցինք ոստիկանության մամուլի ծառայություն։ Պատասխանը կարճ էր ու չոր։ Sputnik Արմենիայի թղթակցին ասացին, որ ոստիկանության բոլոր գործողություններն օրենքի շրջանակում են եղել։
Խոտ և թնդանոթ․ ինչո՞ւ են Կալիֆոռնիայի հայերը զենք գնում և կանեփ աճեցնում
Ամեն դեպքում, մենք որոշակի ուսումնասիրություն կատարեցինք` փորձելով պարզել թեմայի օրենսդրական նրբությունները։ Այսպես` ՀՀ կառավարությունը դեռևս 2003 թվականին որոշում է կայացրել, որի համաձայն կանեփ բույսի բոլոր տեսակների շրջանառությունը ՀՀ տարածքում արգելված է: Ընդ որում, արգելված է անկախ քիմիական նյութի (տետրահիդրոկանաբինոլի) տոկոսային պարունակությունից, տեսակից, նշանակությունից և այլ առանձնահատկություններից: Այսինքն, կարելի է հստակորեն արձանագրել, որ նույնիսկ բժշկական նպատակներով ՀՀ տարածքում կանեփի որևէ տեսակ աճեցնելն ու մշակելն արգելվում է:
«Հրապարակումներում հիշատակված HEMP անունով մշակաբույսը ևս հանդիսանում է կանեփի տարատեսակ և, համաձայն օրենսդրության՝ դրա մշակումը ևս արգելված է: Այդ առումով որևէ քննադատության չեն դիմանում «Արմերիկա» ընկերության ներկայացուցիչների պնդումներն այն մասին, որ HEMP տեսակի կանեփը թմրանյութ համարել չի կարելի», – անանուն մնալու պայմանով Sputnik Արմենիային ասաց ուժային կառույցների աղբյուրը։
Մեր զրուցակցի խոսքով` ՀՀ կառավարության հիշյալ որոշումից ակնհայտ է, որ բույսն անարգել աճեցնելու վերաբերյալ տոկոսային թույլատրելի շեմ գույություն չունի: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ ընկերության տնօրենի այն պնդումը, ըստ որի՝ հոգեմետ նյութերի պարունակությունը բույսի այս տեսակի մեջ կազմում է 0,3%, ինչը որևէ հիմք չի տալիս այն թմրանյութ համարել, ևս իրավական հենք չունի, քանի որ ՀՀ կառավարության որոշման մեջ բացառություններ նախատաեսված չեն: Կարող ենք հստակ արձանագրել, որ ՀՀ տարածքում կանեփի ցանկացած տարատեսակ մշակելը հանգեցնում է պատասխանատվության, որը արգելված բույսի չափերով պայմանավորված` կարող է լինել կա՛մ վարչաիրավական, կա՛մ քրեաիրավական սանկցիաների տեսքով։
Սակայն իրավիճակի զավեշտն այն է, որ ընկերության ներկայացուցիչները նախապես պայմանագիր են կնքել ոստիկանության ստորաբաժանման հետ ցանքատարածքը պահպանելու վերաբերյալ։ Առաջին հայացքից ստացվում է, որ ուժային գերատեսչությունում միանգամից չեն հասկացել, թե ինչ են նրանք պահպանելու պայմանագրի համաձայն։
Կանեփային տոն պատգամավորի եղբորից. ինչո՞վ են վտանգավոր մարիխուանայի և ալկոհոլի հետ խաղերը«Իրականում այստեղ որևէ տարօրինակ բան չկա։ Գործարարներն, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ չեն բացել խաղաթղթերը, երբ ցանքատարածությունների պահպաության մասին պայմանագիր էին կնքում։ Իսկ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության գործառույթների շրջանակի մեջ չի մտնում պահպանության առարկայի ուսումնասիրումը։ Կոպիտ ասած, նրանց ասել են, որ ագրոմշակութային ցանքատարածություններ են պահպանելու, սակայն թե կոնկրետ ինչ, չի նշվել»,–իր հերթին ասում է ոստիկանության վետերանը։
Կանեփի անօրինական աճեցման դեպքերը բացահայտելը և կանխելը տվյալ դեպքում ոստիկանության 6-րդ վարչության իրավասության տակ էր գտնվում։ Եվ իրենց աշխատանքը նրանք իրականացնում էին օրենքի համապատասխան, պնդում է մեր աղբյուրը։
Դեռ դժվար է ասել` ինչով կավարտվի այս պատմությունը։ Տեսականորեն, միշտ կարելի է փոփոխություններ մտցնել կառավարական որոշումներում։ Ի դեպ, Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր ղեկավարության հասցեին երբեմն մեղադրանքներ են հնչում մարիխուանան օրինականացնելու մտադրության համար։ Ո՞վ գիտի, գուցե մանրազննին ուսումնասիրելու պարագայում, պարզվի, որ կանեփի յուղի արտադրության վրա կարելի է կլորիկ գումա՞ր աշխատել. ահա քեզ և՛ գումար բյուջեին, և՛ նոր աշխատատեղեր։ Սակայն առայժմ ունենք այն, ինչ ունենք։ Իսկ դա նշանակում է, որ մեր կանեփային «մագնատները» ստիպված են իրենց բախտը փորձել այլ երկրներում։