Իրաքից ներթափանցած շոգը կհասնի գագաթնակետին. եղանակի տեսություն

Սպասվում է շոգ, առանց տեղումների եղանակ։ Հայաստան ներթափանցած տաք օդային զանգվածները կհասնեն առավելագույն նիշին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ուրբաթ` օգոստոսի 16-ին Հայաստանում սպասվում է վերջին օրերի ամենաշոգ եղանակը։ Իրաքից ներթափանցած տաք օդային հոսանքներն այսօր կեսօրին կհասնեն գագաթնակետին։

Հալվող քաղաքը. ինչպես են երևանցիները դիմակայում +39 աստիճան շոգին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, Հայաստանի ամբողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների, անամպ եղանակ։ Մայրաքաղաք Երևանում, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում ու Արցախում սպասվում է 40 աստիճան շոգ։ Ամենացած ջերմաստիճանը սպասվում է լոռու մարզում` 34 աստիճան։

Օգոստոսի 17-ից սկսած ջերմաստիճանն աստիճանաբար կնահանջի` մինչև շաբաթվա վերջ նվազելով շուրջ 2 աստիճանով։