ՌԱԴԻՈ

Մենք գալիս ենք ոչ թե մեդալի, այլ սփյուռքի և Հայաստանի երիտասարդությանն իրար կապելու համար

«Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ, Կիպրոսի ներկայացուցիչ Հարություն Թամազյանը նշել է` այս տարվա համահայկական խաղերը նշանավորվեցին նրանով, որ բացման արարողությունն Արցախում էր: Նրա խոսքով՝ խաղերը տարբեր էին նախորդ տարիներից նաև որակապես:
Sputnik

Այս անգամ Համահայկական խաղերի որակն իսկապես բարձր էր, միայն տեխնիկապես չէ, այլ տեսակով, մտքով: Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում  ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ, Կիպրոսի ներկայացուցիչ Հարություն Թամազյանը։

Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ

«Ստեփանակերտում բացումն արդեն իսկ տարբեր զգացողություններ արթնացրեց բոլորի մոտ: Շատերս սկզբում թերահավատությամբ վերաբերվեցինք, բայց երբ կա կամք և աշխատողներ կան, ամեն ինչ կլինի:

Նշաձող էր դրված, որին հասանք, սակայն ամենալավ նետը դեռ չարձակված նետն է, մենք դեռ չարձակված նետեր ունենք»,-ասաց նա:

Թամազյանը խոստացավ, որ հաջորդ խաղերն էլ տարբերվող կլինեն և դարձյալ մասնակիցները գոհ կլինեն։

«Համահայկական խաղերը շատ  դժվար պայմաններում ծնվեց, դեռ շատ երիտասարդ է, ընդամենը 20 տարեկան, առջևում շատ անելիքներ ունենք»,- նշեց նա և հավելեց, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հոգում է ծախսերը և ամեն ինչ անում է, որ Սփյուռքից մեկ մասնակից, մեկ երիտասարդ ավել գա:

Ինչու Վարդան Սիրմաքեշը հրաժարվեց Գյումրիում ներդրում անել. քաղաքապետարանի անդրադարձը

Թամազյանի խոսքով` չնայած Արցախ գալն իր դժվարություններն ուներ, բայց բոլոր սիրահարվել են Արցախին, մասնակիցներին այնտեղ շատ լավ դիմավորեցին:

Արցախի հաղթական հողը ուժ էր տալիս. Հարություն Թահմազյանը`Համահայկական խաղերի մասին

«Համահայկական խաղերի ընթացքում լուրջ դիվանագիտական աշխատանք է արվել: Մենք այցելել ենք Արևմտյան Հայաստան, այնտեղ քաղաքապետների հետ հանդիպումներ ենք ունեցել, ջահ ենք վառել, դրոշ ենք բարձրացրել: Մեծ աշխատանք է արվել և դա տեսանելի է», - ընդգծեց գործկոմի անդամը:

Համահայկական խաղերի ընթացքում երիտասարդները ոչ միայն ծանոթանում են, այլև ընտանիք կազմում։ Այս տարի ևս 2 զույգ է կազմավորվել: 

Իմ դուստրը նույնպես իր ամուսնու հետ ծանոթացել է 2015 թվականի համահայկական խաղերի ժամանակ: 2007 թվականին ես ասացի, որ մեր նպատակն է սփյուռքը Հայաստանի հետ ամուսնացնել և այս խոսքիս ժամանակ ինձ ընտրեցին գործկոմի անդամ»,- նշեց Թամազյանը:

Նա վստահեցրեց որ իրենք գալիս են խաղերին մասնակցելու ոչ թե մեդալի կամ գավաթի համար, այլ սփյուռքի երիտասարդությանը Հայաստանի երիտասարդության հետ կապելու, այդ կապն ամրացնելու նպատակով: