Իրանցին «բեռով–բարձով» էր Հայաստան եկել. մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել

ԻԻՀ քաղաքացին կալանավորվել է` թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «մեթամֆետամին», «հերոին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձը։ Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

Ամուսինները որոշել էին թմրամիջոց բերել Հայաստան. «Զվարթնոցում» նրանց սպասում էր ԱԱԾ–ն

«Օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերվել է 102.09 գրամ  «մեթամֆետամին»–ին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության արդյունքում բացահայտվել է նաև 29.08 գրամ «հերոին» տեսակի թմրանյութին նմանվող, բաց շագանակագույն զանգված»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ աշխատակիցները թաքստոցից հայտնաբերել են նաև առանց մակնշման 53 հատ դեղահաբ, որոնք, ըստ Իրանի քաղաքացու՝ «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ են:

Փաստի առթիվ կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պահելու կանոնների խախտման և 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելը կամ դրանց ապօրինի իրացնելը։

ԻԻՀ քաղաքացին կալանավորվել է: