ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություններից մեկի` անգլիական պրեմիեր լիգայի թիմի հետ երկրորդ խաղակեսի արդյունքը (0:0) հույս ներշնչեց, որ «Փյունիկը» դեռ կարող է իր մասին լավ հիշողություններ թողնել մշուշոտ Ալբիոնում։
Չէ՞ որ երևանյան ակումբը Հենրիխ Մխիթարյանի հարազատ թիմն է։ «Փյունիկի» սանն այժմ աստղ է, իսկ նրա շնորհիվ Անգլիայում շատերը Հայաստանի մասին ավելի շատ գիտեն։
Սակայն «Փյունիկի» բախտը երկրորդ խաղակեսում չբերեց։ Մեկը մյուսի հետևից ընդմիջումից հետո դաշտի տերերի եզրային գրոհները ճեղքեցին հայկական թիմի պաշտպանությունը և դրանցից երեքն ավարտվեցին հաջողությամբ։ Հայկական ակումբներին ոչ այդքան հաճախ երես տված հաջողությունն ակնհայտորեն երես թեքեց «Փյունիկից»։ Թեև, դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլին... Խաղի վերջում այդ միտքը հաստատվեց դաշտի տերերի 4-րդ հարվածով, որը նույնպես նրանք խփեցին եզրային փոխանցումից հետո։
«Փյունիկը» լավ թիմ է, լավ խաղացողներով. «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ
Հիշեցնենք, որ Երևանում Եվրոպայի Լիգայի 3-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» զիջեց «Վուլվերհեմփթոնին» 0:4 հաշվով։ Երկու խաղերի հանրագումարային արդյունքով երևանցիները պարտվեցին անգլիացիներին 0:8 ֆուտբոլային ընդհանուր հաշվով։ Սակայն եթե հաշվի առնենք, որ անգլիացիները անցած խաղաշրջանի արդյունքներով Անգլիայի պրեմիեր լիգայում 7-րդն էին, ապա դա այդքան էլ ողբերգական չէ` Հայաստանի բարձրագույն խմբի արծաթե մեդալակիր «Փյունիկի» համար։