Դատավորներին թոշակի ուղարկելու ծախսը կառավարությունը դեռ չի հաշվել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ աղմուկ հանած նախագիծը քաղաքական որոշման արդյունք է։ Բայց դրա հնարավոր հետևանքները իշխող քաղաքական ուժը չի հաշվարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Դատական օրենսգրքում ու Սահմանադրական դատարանի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները դատավորներին օրինական կաշառք առաջարկելու օրինագիծ որակելու հետ ՀՀ  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը համաձայն չէ:
Այս մասին նա հայտնեց այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում։

Հույս ունեի, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից. Նիկոլ Փաշինյան

«Ես նման բան չեմ լսել, որ դա որևէ մեկի կողմից որակվում է որպես կաշառք։ Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել է մի շարք երկրներում և ընդունված միջոց է անցումային շրջանների համար»,– ասաց նա` հավելելով, որ կառավարությունն իր առաջարկն արել է ու հիմա սպասում է կառուցողական առաջարկների։

Նախարարը չհերքեց, որ առաջարկվող տարբերակը լրացուցիչ ֆինանսական բեռ է հայաստանյան բյուջեի համար, բայց ստեղծված իրավիճակում, ըստ նախարարի, միակ անցնցում ելքն է։ Թե որքան կարժենա այս լուծումը, Ռուստամ Բադասյանի խոսքով` դեռևս չի հաշվարկվել։

Ոչ պաշտոնական հաշվարկներով, սակայն, դա կարող է արժենալ մինչև կես մլրդ դրամ։
Նախարարը համաձայնեց`որոշումը քաղաքական է, բայց այն դուրս չի գալիս իրավական պետության սահմաններից։

Վեթինգ հայկական ձևով. նախարարությունում վստահեցնում են, որ «ոսկե միջին» է ընտրված

Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել Դատական օրենսգրքում ու Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով դատավորներին առաջարկվում է ազատվել աշխատանքից, ժամանակից շուտ անցնել թոշակի և չաշխատելով` պահպանել աշխատավարձի իրավունքը։