ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Ամեն տարի «Հայաստանի էլցանցերը» շուրջ 500 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա են կորցնում, ինչը կբավականացներ 1,5-2 հազար բնակարանների կարիքները հոգալու համար։ Էլեկտրաէներգիայի կորուստի համար վճարում են սպառողներ` իրենց սակագնի 6%–ի չափով։
Կորուստները փոքր-ինչ նվազեցնելու համար, հայաստանցի ինժեներները նոր սարք են ստեղծել։ Նրանց գաղափարը հասել է գերմանացի ինժեներ Բենեդիկտ Փիլշերին։
«Այդ նախագծի մասին տեղեկացել եմ Աբու–Դաբիում, այնտեղ ես մագիստրատուրայում նյութագիտություն էի ուսումնասիրում։ Այդ ժամանակ էլ ծանոթացա գյուտարարներից մեկի զարմիկի հետ։ Երբ նա ինձ պատմեց գաղափարի մասին, ես միացա նրանց։ Մենք Հայաստանում ինժեներների թիմ հավաքեցինք և սկսեցինք աշխատել», – պատմում է նա։
Նրանք միասին ստեղծեցին Soraytec ընկերությունը։
«Ֆազը քցել ա»
Խոսակցական լեզվում «ֆազը քցել ա» արտահայտությունը եկել է էլեկտրատեխնիկներից։ Եթե մարդու «ֆազը քցել ա», ուրեմն նրա հետ մի բան այն չէ, իսկ եթե «ֆազը քցում ա» էլցանցում, նշանակում է, որ հոսանքի և լարման ֆազերը չեն համընկնում։ Ցանցում այդ խափանումների պատճառով էլեկտրաէներգիա է կորում (աղբյուրից ցանց ընկնելով, այն չի պահպանվում այնտեղ և հակառակ ուղղությամբ հոսում)։ Այն պահպանել չի հաջողվում, և կորում է։
Անտառներ հատելու կարիք չի լինի. Հայաստանում վառելիքի նոր արտադրություն է ընդլայնվում
Դրա համար Բենեդիկտը զուտ գերմանական համեմատություն է բերում. «Մեկ գավաթ գարեջուր պատկերացրեք։ Ակտիվ էներգիան դա գարեջուրն է, այն կարելի է խմել։ Ռեակտիվը` փրփուրը, որը խմել չես կարող։ Մեր նպատակն է, որպեսզի գավաթում ավելի շատ գարեջուր լինի և ավելի քիչ փրփուր»։
Նոր սարքը չափում է և՛ գազերի շեղումը, և՛ ռեակտիվ էներգիայի ծավալը, և՛ էլեկտրական հոսանքի ևս ավելի քան 30 պարամետր։
«Իհարկե, նման համակարգեր աշխարհում գոյություն ունեն, սակայն դրանք մի քանի սարքերից են բաղկացած։ Իսկ որքան համակարգն ավելի բարդ է, այդքան ավելի շատ են թերությունները։ Իսկ մեզ մոտ անհրաժեշտ ամեն ինչ հավաքված է մեկ սարքում։ Այդ պատճառով էլ այն ավելի արագ և հստակ է աշխատում», – նշեց Փիլշերը։
Ֆազի շեղման պատճառներից մեկը` էլեկտրականության մատակարարման կտրուկ տատանումներն են և նրա սպառումը։ Իմանալով, թե ցանցի որ հատվածում է այդ անհավասարաշռությունն ավելի ուժեղ, էլեկտրացանցը կարող է օպտիմալ բաշխել էներգիան և այդպիսով կրճատել կորուստները։
Արդյո՞ք հետախույզ և դիվանագետ Հակոբ Դավթյանը մրցակից էր Լենինին սիրային գործերում
Սարքի ներկայիս մոդելը ստեղծված է ցածր լարման գծի համար (6-35 կիլովոլտ), որտեղ էլ հոսում է էլեկտրականության կորուստների մեծ մասը։
Ավելի հեշտ և էժան
Նման տեսակի գործող սարքերը 20-30 հազար եվրո արժեն։ Դրանք ստեղծողների վստահեցմամբ, իրենց մոդելը մի քանի անգամ էժան է։
Սեպտեմբերին սարքն ուզում են հավաստագրել Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովում (IEC), իսկ հոկտեմբերին այն արդեն ուզում են տեղադրել Նորվեգիայի բաշխման ցանցերից մեկում։ Փորձնական ռեժիմով սարքերը կաշխատեն պատվիրատուների մոտ մի քանի ամիս, որից հետո դրանք կսկսեն իրացնել։
«Հայաստանում մենք արդեն ունենք արտադրողների թիմ։ Սակայն այստեղ ուզում ենք նաև արտադրություն հիմնել։ Հայաստանից բացի, գուցե նաև եվրոպական երկրներից մեկում ևս», – հայտարարեց Փիլշերը։
Նախագիծը ներկայացվել է Սևանա լճում տեղի ունեցած Sevan Startup Summit 2019–ում։