ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Լեգենդար արտիստ Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է, հայտնում է Mash տելեգրամ ալիքը։
Նշվում է, որ Արմեն Բորիսովիչի մոտ սրտանոթային և երիկամային անբավարարության ֆոնին սրվել է հին հիվանդությունը։
Այժմ նա Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, բժիշկների մշտական վերահսկողության տակ։
Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել Ջիգարխանյանի պրոդյուսեր և մտերիմ ընկեր Մարկ Ռուդինշտեյնի հետ։
«Ինձ հայտնել են, որ ինչ–որ բան է պատահել, սակայն տվյալ պահին ես հստակ տեղեկություն չունեմ», – հայտնեց մեզ Ռուդինշտեյնը։
Sputnik Արմենիային հաջողվեց նաև զրուցել Արմեն Բորիսովիչի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի հետ։
«Ամուսնալուծությունից հետո ինձ ոչինչ չեն հայտնում, բոլոր նորությունները ես իմանում եմ բացառապես լրագրողների միջոցով։ Շատ եմ ափսոսում, եթե դա այդպես է», – սիրալիր պատասխանեց Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան։
83 տարեկան դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 40 տարեկան կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել 2017 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։
Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենն էր, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։
«Անձնագրային տվյալներին համապատասխան». ինչպես է իրեն զգում Արմեն Ջիգարխանյանը
2017 թվականի հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին նոյեմբերի 27-ին։