ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջին հարկում հաճելի իրարանցում է` այնտեղ բուժվող երեխաները ծնողների հետ սպասում են։ Նրանց ասել են` հյուր են ունենալու։
Փոքրիկ Միլենային հարցնում եմ, թե գիտի` ո՞վ է այցելելու հիվանդանոց։
–Երգիչ, ճանաչված երգիչ,–ասում է Միլենան։
Իսկ մինչև «երգիչը» կգա, զրուցում ենք Միլենայի հետ։ Հարցիս, թե քանի տարեկան է, Միլենան պատասխանում է` արդեն մի քիչ մեծացել եմ, 4 տարեկան դարձել։ Աղջիկը որոշել է` մի քիչ էլ մեծանա, կսկսի մուլտֆիլմեր նկարել։ Միլենան մուլտֆիլմեր շատ է սիրում, հատկապես հայտնի «Մաշան և արջը», չնայած երբեմն բարկանում է Մաշայի վրա, քանի որ արջին շատ է ջղայնացնում։
Միլենայի ձեռքին մի ծաղիկ է, որն աղջիկն ամուր բռնել է ու զրույցի ժամանակ մեկ ինձ, մեկ ծաղկին է նայում` ցանկանալով իմ ուշադրությունս ծաղկի վրա գրավել։ «Ինչ էլ սիրուն ծաղիկ է»,–ասում եմ ու Միլենան ժպտում է, հետո արագ–արագ հավելում, թե ծաղիկը Ջուլիանան է սարքել, ինքն էլ է բուժվում, վերևի հարկում։
Սպասված հյուրերը գալիս են` «Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի» խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերն է, ում ուղեկցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և «Ժպիտների քաղաքի» տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։ Ջոզեֆն հիվանդանոց է այցելել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում։
Ջոզեֆը ծանոթանում է երեխաների հետ, զրուցում ծնողների հետ ու վերցնում կիթառը։ Մինչ նվագելը, սակայն, հայտնում է, որ ԱՄՆ–ում ինքն էլ ունի բարեգործական ֆոնդ` «Մեր երաժշտությունը քեզ համար», որը համերգների միջոցով գումարներ է հավաքագրում ու փոխանցում մանկական հիվանդանոցներին։
«Երբ եկա Հայաստան, ուզում էի անպայման այցելել մի հիվանդանոց, որտեղ երեխաներ են բուժվում։ Եկել եմ երեխաներին մի փոքր ուրախացնել ու նվագելու նրանց համար։ Կարծում եմ` երաժշտությունը բուժում է երեխաներին, քանի որ երաժշտությունը փոխում է նրանց հոգեվիճակը»,–ասում է նա։
Հետո արդեն արյունաբանականում հնչում են իսպանական հայտնի երգեր` «Բոմբոլեա»–ից սկսած. ծնողներից ու բժիշկների որոշները ձայնակցում են Ջոզեֆին։ Երգելուց հետո երգիչը շփվում է երեխաների հետ, նրանց իր կիթառը տալիս, որպեսզի մոտիկից տեսնեն այն, դիպչեն լարերին։
Արյունաբանականի մանկական բաժանմունքում այս պահին 11 երեխա է ստացիոնար բուժում ստանում, սակայն Ջոզեֆին լսել բոլորը չէ, որ կարողացել են։ Երգիչն ինքն է որոշում այցելել հիվանդասենյակներ ու մյուսներին նույնպես անակնկալ մատուցել։
Երեխաներից մեկին հարցնում եմ.
–Հը՞ն, ուրա՞խ ես։
–Հա, շատ,–ասում է Արկադին ու ժպտում։ Տղայի ժպիտը, ճիշտ է, բժշկական դիմակի տակից չի երևում, բայց աչքերը փայլում են` հաստատ ժպտում է։
Արկադին բուժվում է արյունաբանական կենտրոնում։ Տղայի ուրախ լինելու պատճառը Ջոզեֆն է, որը խոստացավ հաջորդ անգամ Հայաստան այցելելիս Արկադիին իր անձնական կիթառը նվիրել։
Արկադին 2 տարի կիթառի է գնացել, արդեն կարողանում է լավ նվագել, անգամ` երգում է։ Սակայն երբ Ջոզեֆն իր ձեռքի կիթառը փոխանցեց տղային, որ նվագի, վերջինս ամաչեց, նայեց ծնողներին ու հրաժարվեց նվագել։
Ի դեպ, «Ժպիտների քաղաքի» հետ Ջոզեֆն այս աշնանը Երևանում բարեգործական գալա միջոցառում կունենա Երևանում։ Իսկ այս այցի շրջանակում երկու փոքր համերգ կունենա երևանյան սրճարաններում։