ՀՀ վարչապետն ու ՌԴ ԱԽ քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին

Նիկոլ Փաշինյանի ու Պատրուշևի հանդիպմանը հայտարարվել է, որ Հայաստանը մասնակցելու է նոյեմբերին նախատեսվող ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այսօր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաք։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, Հայաստանն, ինչպես միշտ, հաստատել է իր մասնակցությունն այդ հավաքին:

Փաշինյանն ընդունել է Պատրուշևին. ի՞նչ են նրանք քննարկել

ՀՀ վարչապետն ու ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման և կայունության ապահովման հարցի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, և այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները և բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները:

Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են ՀՀ և ՌԴ անվտանգության ոլորտին առնչվող հարցեր

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահի և վարչապետի ողջույնները և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, հանդիպումներ ունենալ ՀՀ վարչապետի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Նա արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ քննարկումները, որոնց ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը։