Չարաշահում կա, կոռուպցիա` դեռ պարզ չէ. ՊԵԿ–ը` ՀԴՄ–ների ձեռքբերման գործարքի մասին

Հարուցված քրեական գործի շահերից ելնելով` ՊԵԿ փոխնախագահը չցանկացավ ՀԴՄ–ների ձեռքբերման գործարքի վերաբերյալ շատ տեղեկություններ հայտնել։ Բայց և շեշտեց` քրեական գործը հարուցվել է չարաշահման փաստով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. 2017-18թթ.–ին ՀԴՄ–ների ձեռքբերման գործընթացում տեղի են ունեցել չարաշահումներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարուցված քրեական գործի մասին հարցերին, ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։

Ո՞վ կկառուցի Գյումրու մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»

««Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչառևտրային կազմակերպության չարաշահումների մասով հարուցված քրեական գործով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար տեղեկություններ, որ տվյալ գործարքը տեղի է ունեցել չարաշահման արդյունքում»,– ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ չարաշահումը դրսևորվել է ՀԴՄ–ներն ավելի ցածր գնով ձեռք բերելուն ու ավելի բարձր գնով ներկայացնելուն։

Իսկ դա անփութության հետևանք է, թե կոռուպցիայի, ՊԵԿ պաշտոնյան այս պահին վաղաժամ համարեց նման եզրակացություն անելը` լրագրողներին հորդորելով սպասել քրեական գործի նախաքննության ավարտին։

Էդուարդ Հովհաննիսյանը նաև հիշեցրեց. 2017-2018 թվականների ընթացքում ՀԴՄ–ների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է դրանում հնարավոր չարաշահումների հիմքով։

«Սանիթեքը» որոշել է աղբահանության փոխարեն բեռնափոխադրում կատարել. ՊԵԿ բացահայտումները

Հիշեցնենք` օգոստոսի 6-ին քրեական գործ հարուցելու մասին հայտարարության մեջ ՊԵԿ–ը հայտնել էր, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և Չինաստանի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված 25 000 հատ «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Հետևաբար, դրանց ձեռքբերման համար ՀՀ կառավարությունն ավելի շատ գումար է հատկացրել, ինչն, ըստ ՊԵԿ–ի «եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: