Աղբի հա՞րց, թե՞ քարոզչություն. լրագրող վարչապետն ու դերասան քաղաքապետը PR ակցիա՞ էին անում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում աշխատանքային հանդիպման էր հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Աղբահանության, ավելի ճիշտ՝ աղբի կուտակումների թեմայով: Չնայած լիամետրաժ խոսքուզրույցին (1 ժամ, 10 րոպե) շատ հարցեր բաց մնացին, նաև նորերը ծագեցին:
Sputnik

Հարց. ինչո՞ւ է մայրաքաղաքի աղբահանության ծանր, եթե չասենք՝ վատ վիճակի խնդիրը պետության թիվ 1 պաշտոնյայի մակարդակի բարձրացվում: Ավելին` քաղաքապետարանի կոմունալ տնտեսության ստորաբաժանման ղեկավարի կամ գոնե Երևանի քաղաքապետի մակարդակով լուծելիք խնդիրը նման կարգավիճակով քննարկելը, աղբահանության «քաղաքական հնչեղությունը» բարձրացնելը մի՞թե չէր ենթադրում խնդրին ավելի ամբողջական, հայեցակարգային անդրադարձ՝ լուծումներ նախանշելով հանդերձ:

Վարչապետն ուղիղ եթերում աշխատանքային հանդիպման է հրավիրել Երևանի քաղաքապետին. թեման աղբն է

Մինչդեռ, ուղիղ եթերում այդ աշխատանքային հանդիպումը այլ տպավորություն թողեց: Համենայն դեպս, տողերիս հեղինակին համոզիչ չթվաց, որ Facebook-յան ուղիղ միացման ընթացքում «Սանիթեքի» կողմից պայմանագրային կոնկրետ պարտավորություններ չկատարելու և աղբահանության դրության մասին քաղաքապետ Հայկ Մարությանի ասածները վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես առաջին անգամ էր լսում: Վարչապետի բնավորությունից ու խառնվածքից դատելով`  նա երևի օրումեջ է Երևանի քաղաքապետից հետաքրքրվել, թե՝ այս ի՞նչ վիճակ է: Դե քաղաքապետն էլ հազիվ թե այլ բան ասած լիներ, քան այն, ինչ պատմեց:

Բացի այդ` եթե դա իրապես լուրջ ու աշխատանքային քննարկում լիներ, ապա պարտադիր կարգով պիտի ներկա լիներ նաև «Սանիթեքի» որևէ ներկայացուցիչ, որ այդ բացատրությունները քաղաքապետ Հայկ Մարությանի վերաշարադրանքով կամ վարկածով չներկայացվեին: Կամ թող ասվեր, որ պաշտոնապես հրավիրել են, բայց հրաժարվել են գալ: Ինչևէ:

«Սանիթեքը» որոշել է աղբահանության փոխարեն բեռնափոխադրում կատարել. ՊԵԿ բացահայտումները

Այս դիտարկումները, ինչպես նաև ուղիղ միացման վերջնամասում (վերջին մոտ 10 րոպեն) վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգախոսային արտահայտությունները, օրինակ՝ քաղաքապետին սատարելու մասին կամ` եթե գործ չարվեր, վիճակը եղածից մի 100 անգամ վատ կլիներ և այլն, թույլ են տալիս առնվազն ենթադրել, որ «ուղիղ եթերում աշխատանքային քննարկումը» գերազանցապես քարոզչական նպատակներ էր հետապնդում:

Աղբի հարցը քննարկում են առանց Հայկ Մարությանի. ինչո՞ւ քաղաքապետը չի եկել ավագանու նիստին

Դրա շարժառիթն էլ է ընկալելի. աղբահանության խնդիրը Երևանի անխտիր բոլոր բնակիչներին է վերաբերվում, աղբահանության խայտառակ վատ վիճակը բոլորի տրամադրությունների, այդ թվում` մայրաքաղաքային իշխանության ու երկրի կառավարության հանդեպ ունեցած տրամադրությունների վրա է վատ անդրադառնում: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, աշնանն ընդառաջ, չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ, ինչպիսին է, ասենք, վարկանիշի որոշ անկումը կամ դրա հնարավորությունը: Հետևաբար, պետք է մի բան բացատրել ժողովրդին, սեր խոստովանել, համբերության տրամադրել և այլն, այսպես ասած՝ «փաբլիք ռիլեյշընս» ապահովել, որին հապավմամբ հենց «փի-ար» (PR) էլ ասում են:

Վարչապետը՝ լրագրողական մասնագիտության ու փորձի բերումով, քաղաքապետն էլ՝ դերասանական հմտությամբ, թերևս ապահովեցին այդ «ռիլեյշընսը»:

Ի՞նչ պարզվեց քաղաքապետ Հայկ Մարությանի ասածներից: Հիմնվելով հանդիպման վերջնամասում արված ամփոփման վրա՝ պարզվեց, որ քաղաքապետը «Սանիթեքի» հետ հարաբերություններում ինչ արել՝ ճիշտ է արել, նորից նույնը կաներ, և որ դեռ մի բան էլ պիտի գոհ լինենք, որ աղբահանության առումով ինչ-ինչ գործ արվում է, դա էլ քաղաքապետի ջանքերի արգասիքն է (նոր աղբատար մեքենաներ և նոր աղբարկղեր):

Հանրագումարում ունեցանք վարչապետի ու քաղաքապետի ավելի քան մեկ ժամանոց հանդիպում, որի ընթացքում բակային զրուցատաղավարի մակարդակի թափանցիկ ակնարկներ (դրանց «մեսիջներ» էլ են ասում) ունկնդրեցինք նախկինների մեղավորության, ինչը ում եղբոր հետ կապ ունենալու, նանգադուլի (սաբոտաժ) կասկածների, անկեղծ ասած, արդեն ոչ թե ծեծված, այլ՝ բազմաչարչարված թեմաներով:

Քայլ դույլով, կամ ինչ պետք է սովորենք շվեդներից աղբի «հախից» գալու համար

Ինչի՞ մասին չլսվեց աղբահանության վերաբերյալ, որ ցանկալի կլիներ լսել գործող իշխանության ղեկավարի և, ըստ էության, նրա նախընտրած մայրաքաղաքապետի իրական աշխատանքային քննարկման ընթացքում: Աղբահանության ընթացիկ վատ վիճակը, ի վերջո, հաղթահարելի՞ հարց է: Նախքան այս էլ քաղաքային իշխանություններ եղել են, լավ-վատ լուծել են այդ խնդիրը՝ «Սանիթեքի» կաթվածահարումից հետո, մեր դավթաշենյան բազմաբնակարան շենքի աղբը հեռացնող «հարություն առած» հին ԶԻԼ բեռնատարը վկա: Ի դեպ, ուղիղ միացման ընթացքում վարչապետին շատ էր հետաքրքրում, թե իսկապե՞ս Դավթաշենում աղբահանության վիճակը արդեն իդեալական է, ինչպես հավաստիացրեց քաղաքապետ Մարությանը:

Նախագիծ Բելառուսից. Հայաստանն էլ չի՞ խորտակվի աղբի մեջ

Անկեղծորեն ասեմ, որ ո՛չ, իդելական չէ, բայց 2 ամիս առաջվա վրա որոշ փոփոխություն կա. կենտրոնական փողոցներում նոր աղբարկղեր արդեն դրվել են, որոնցով նոր աղբատար ԿամԱԶ-ներն են զբաղվում, իսկ նշված հին ու տնայնագործական միջոցներով մեծացվող թափքով ԶԻԼ-ն էլ արդեն ոչ թե 10 օրը մեկ է բակում հայտնվում, այլ վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում՝ 5 օրը մեկ:

Հա, բայց եթե վարչապետի մակարդակով է մայրաքաղաքի աղբահանության խնդիր քննարկվում քաղաքապետի հետ, գոնե մի 5 րոպե պիտի խոսվի այն մասին, որ մեր աղբահանության ամբողջ սխեման բարոյապես մաշված է ու իրեն սպառել է, որ ասենք, Նուբարաշենի կամ այլ աղբավայրում աղբը «հողի տակ թաղելը» խորը նախնադար է, որ աղբավերամշակման գործարան է արդեն ստեղծվում՝ այսինչ կամ այնինչ անհատի կամ ընկերության ներդրմամբ, որ հունվարի 1-ից, թեկուզ նույն Դավթաշեն վարչական շրջանում ներդրվում է աղբի տեսակավորված հավաքման փորձնական ծրագիր: Ի վերջո, 10 միլիարդ դրամից ավելի սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու ընդունակ կառավարության համար Երևանի աղբահանության խնդրին լուծում տալը զուտ տեխնիկական ու ժամանակի խնդիր պետք է լիներ, այլ ոչ թե նման ուղիղ միացումներով քաղաքային մասշտաբի կենցաղային-կազմակերպչական հարցի մակարդակից հասցվեր քաղաքական-պետական կառավարման լևըլ: