«Շնորհակալ ենք Հայաստանին». ռուս փոխնախարարն ամփոփեց բանակային խաղերի արդյունքները

Տավուշի մարզում տեղի ունեցած «Խաղաղության մարտիկ» մրցույթը «Միջազգային բանակային խաղեր-2019»–ի բաղադրիչ մասն է: Ի դեպ, բանակային խաղերն այս տարի տոնումեն 5–ամյա հոբելյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Ռուսական կողմը շնորհակալ է Հայաստանի ղեկավարությանը, Պաշտպանության նախարարությանը և բարեկամական հայ ժողովրդին «Խաղաղության մարտիկ» մրցույթը կազմակերպելու և ավանդական հյուրընկալության ու ջերմության համար։ Այդ մասին ասաց Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ–գնդապետ Անդրեյ Կարտապոլովը մրցույթի արդյունքներն ամփոփելիս, որտեղ այս տարի առաջին անգամ հաղթել է Հայաստանի թիմը։

Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում

Մրցաձևերը տեղի են ունեցել Դիլիջանում։ Ռուսական թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը։

Գեներալի խոսքով` «Խաղաղության մարտիկ» մրցույթը «Միջազգային բանակային խաղեր-2019»–ի բաղկացուցիչ մասն է, որոնք այս տարի տոնում են հնգամյա հոբելյանը։ Ընդ որում` աշխարհում այդ մրցաձևերի հանրաճանաչությունն անշեղորեն աճում է։ 2013թ–ին դրանք սկսվել են որպես չորս պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի տանկային զորամասերի բարեկամական մրցույթ։ Իսկ այսօր, ինչպես նշեց Կարտապոլովը, դրանք վերածվել են միջազգային մրցաձևերի գրեթե բոլոր դիսցիպլիններում։

Կարտապոլովը նշեց, որ «Խաղաղության մարտիկը» ոչ միայն շատ կարևոր և հետաքրքիր, այլ նաև շատ գեղեցիկ մրցույթ է։ Այստեղ ստուգում են մարտական վարպետությունը, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, գնահատվում են մասնակիցների գիտելիքները ռազմական պատմության վերաբերյալ և ստեղծագործական ընդունակությունները։ Նրա խոսքով` մրցույթին հատուկ կոլորիտ է հաղորդում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնակցությունը։ Կանայք  «տղամարդկանց հավասար մրցում են` ոչ մի բանով չզիջելով, երբեմն նույնիսկ գերազանցելով»։

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Գյումրու 102–րդ ռազմաբազա

Ռուսաստանի զինված ուժերի Արևմտյան ռազմական օկրուգի ռազմաքաղաքական վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Սերգեյ Մուրզինն իր հերթին նշեց, որ ամեն ինչ կազմակերպվել է բարձր մակարդակով։ Նրա խոսքով` յուրաքանչյուր թիմը ցույց է տվել իր ֆիզիկական պատրաստվածությունը։

«Այս անգամ Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը, սակայն մյուս տարի կձգտի զբաղեցնել առաջինը,- նշեց Մուրզինը։

«Խաղաղության մարտիկ» մրցույթը տևել է 14 օր և ներառել  է  ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերը:

Մրցույթին մասնակցել  են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի և Հունաստանի ներկայացուցիչները։