Փաշինյանն ընդունել է Պատրուշևին. ի՞նչ են նրանք քննարկել

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 Օգոստոս — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհուրդը։

Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են ՀՀ և ՌԴ անվտանգության ոլորտին առնչվող հարցեր

«Փաշինյանն ու Պատրուշևը քննարկել են հայ–ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես,  կողմերը քննարկել են հայ–ռուսական համագործակցության ընդլայնումն անվտանգության, տնտեսական, ինչպես նաև ներդրումային ոլորտներում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը և միջազգային օրակարգում առկա մի շարք հրատապ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել երկու երկրների կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնությանն առնչվող հարցերին, ինչպես նաև Սիրիայում խաղաղության վերականգնմանը։

Պատրուշևն ասել է` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ինչ դիրքորոշում ունի Մոսկվան

Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը: