«Ինքն ուղղակի մոլորվել է». Տոնոյանը` Ադրբեջանի տարածք անցած զինվորի մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է Արցախում զինծառայողի հետ տեղի ունեցած միջադեպը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանական կողմ անցած զինծառայողն ամենայն հավանականությամբ, մոլորվել է։ Այդ մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Միջազգային բանակային խաղեր-2019»–ի փակման արարողության ժամանակ։

Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

Հիշեցնենք` Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ օգոստոսի 12–ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։

«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- ասաց Տոնոյանը։

Ինչ վերաբերում է Բաքվի ԶԼՄ–ների հայտարարություններին` իբր  զինծառայողը ճնշումների է ենթարկվել զորամասում, Տոնոյանը կոչ արեց կուլ  չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները:

Պաշտպանության բանակը հաստատեց` ադրբեջանական կողմում հայտնվածը հայ զինծառայող է

Տոնոյանի խոսքով`  զինվորի հոգեբանական վիճակի մասին դեռ վաղ է խոսել։

Նախարարը նշեց, որ արդեն դիմել են տարբեր կառույցների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեին զինվորին վերադարձնելու հարցով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` զինծառայողն այս տարվա հունվար ամսին էր զորակոչվել բանակ։ Արայիկը մեկ եղբայր ունի, որը պայմանագրային զինծառայող է։

Մեր տեղեկություններով` Արայիկը վերջերս էր արձակուրդ եկել տուն, նրան տեսնողներն ասում են, որ շատ լավ տրամադրություն ուներ, չէր դժգոհում ծառայությունից։ Անգամ խոսում էր ապագայի ծրագրերի մասին, որոշել էր ծառայությունից հետո կրթություն ստանալ և ծրագրավորող դառնալ։