Նորակոչիկների թիվը 15 տոկոսով ավելացել է, բողոքները` կտրուկ նվազել. փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով` վաղուց նման քանակի նորակոչիկներ բանակը չէր ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Այս զորակոչին, նախորդի համեմատ, նորակոչիկների թիվը 15 տոկոսով ավելացել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Բանակում մթնոլորտն իդեալական չէ. փոխնախարարը` ինքնասպանությունների մասին

«Այս տարի աննախադեպ քայլի գնացինք ու տարկետում տվեցինք միջին մասնագիտական կրթական հաստատությունների սովորողներին։ Չնայած դրան, նորակոչիկների 15 տոկոսի աճ ունեցանք։ Բացի այդ, 65 տոկոսով կրճատվել է զորակոչին առնչվող բողոքների թիվը»,–ասաց նա։

Խոսելով ԶՈւ–ում փոփոխությունների մասին` փոխնախարարը նշեց, որ որոշակի հիգիենիկ պարագաներ, որոնք մինչ այս բանակը զինվորներին չէր տրամադրում, հիմա արդեն դրանք տրամադրվում են։ Բացի այդ, առաջիկայում փորձելու են վերազինել զորամասերի սպորտային հրապարակները ։  

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա փետրվարի 21–ին բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին որոշում է ընդունել։ Եթե մինչև հիմա այդ հարցերով զբաղվել են զինված ուժերը, ապա հիմա գործընթացին կմիանա նաև մասնավոր հատվածը։

Ինժեներական աշխատանքների ժամանակ մարտական դիրքերի առավելություն ենք ձեռք բերել. Բալայան

Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 8 զորամասում: Ծառայությունը մատուցում են 6 տարբեր ընկերություններ: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է: