Ես ոճրագործ չեմ, կարիքը ստիպել է, և ես գողություն եմ արել. զրույց դատապարտյալի հետ

Ինչ մտքերով է ազատության դուռը բացում տարիներ շարունակ անազատության մեջ անցկացրած դատապարտյալը։ Sputnik Արմենիան հանդիպել ու զրուցել է օրեր անց պատժի կրումից ազատվող Հակոբ Մարտիրոսյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ընդամենը 17 օր մնաց, 5 տարին լրանում է։ Որպիսության մասին հարցին այսպես պատասխանեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հակոբ Մարտիրոսյանը։

«Երեխեքիս ապագայով պետք է զբաղվեմ։ Արդեն 16 տարեկան տղա ունեմ, 27 տարեկան աղջիկ։ Ես պետք եմ իմ ընտանիքին»,- Sputnik Արմենիային ասաց նա։

Մարտիրոսյանը հավաստիացրեց` հանցագործ աշխարհ տանող դուռն այս անգամ որոշել է հավերժ փակել։

«Ես ֆիզիկապես եմ իրենցից առանձին, միշտ իրենց հետ եմ»,- վստահեցրեց նա։

Անազատության մեջ անցկացրած տարիների ընթացքում ընտանիքի հետ կապը պահել է հիմնականում կնոջ միջոցով, որը տարիների ընթացքում պարբերաբար այցելել է ամուսնուն, օգտվել օրենքով նախատեսված կարճատև ու երկարատև հանդիպումների իրավունքից։

Ես ոճրագործ չեմ, կարիքը ստիպել է, և ես գողություն եմ արել. զրույց դատապարտյալի հետ

Երեխաներին վաղուց չի տեսել ու անհամբեր սպասում է առաջիկա հանդիպմանը։ Զավակները երկուսն էլ արտերկրում են. որդին` Շվեդիայում, դուստրը` ԱՄՆ–ում։ Որդին խոստացել է` հոր ազատվելուց օրեր անց վերադառնալու է Հայաստան։ Հայրը հպարտորեն է նշում, որ նա 2 տարի անց զորակոչվելու է բանակ։ Ինքն էլ պարտականություն ունի` պիտի հասցնի ապագա զինվոր դաստիարակել։

«Տղաս ասում է` էդ Եվրոպայում ապրելու իմաստը ո՞րն է, որ ես իմ հայրենիքին չպիտի ծառայեմ։ Ապրիլյան պատերազմից հետո, թեպետ ինքը փոքր էր, ընդամենը` 13 տարեկան, բայց տպավորվել է շատ, ու ասում է` որպես հայ տղա, ես պետք է գնամ ծառայելու»,- տխրությամբ ու հպարտորեն պատմում է հայրը։

Թե ազատության մեջ հայտնվելուց հետո ինչով է զբաղվելու ու ինչպես է պահելու ընտանիքը, Հակոբ Մարտիրոսյանը դեռ չգիտի, բայց որոշել է` հին կյանքին վերադառնալ չկա։

«Համենայնդեպս, հոգնել եմ օրենքը խախտելուց, էլ չեմ խախտելու»,- ասում է նա՝ խոստովանելով, որ առաջին անգամ չէ ազատազրկման դատապարտվել։

Կյանքն էլ շախմատ է. Հայաստանի դատապարտյալները շախմատ են խաղում արտերկրի բախտակիցների հետ

Նրա խոսքով` ընտանիքը պահելու համար ստիպված է եղել գնալ այդ ճանապարհով։

«Ես չեմ ասում, թե սխրագործություն եմ արել, բայց ես ոճրագործ էլ չեմ։ Կարիքը ստիպել է, և ես գողություն եմ արել»,- իր կյանքն այսպես է գնահատում մեր զրուցակիցը։

Հակոբ Մարտիրոսյանն ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, բռնցքամարտիկ է, բայց անազատության մեջ անցկացրած տարիների ընթացքում սկսել է գրել։

Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն

«Այս ամենը, ինչ տեսնում ենք ու ինչ ապրում, Տեր Աստվածն է մեզ պարգևում։ Թողություն տանք մեր մեղքերին, որ տեր լինի Նա մեր մատղաշ բալիկներին»,- իր ստեղծագործությունից մի հատված է ընթերցում մեր զրուցակիցը։

Հակոբ Մարտիրոսյանը զրույցն ավարտում է ճաղավանդակից այն կողմ ազատ կյանքում հանդիպելու մաղթանքով։