Սևանի մակարդակը չի կարելի արագ բարձրացնել. նախկին նախարարը` ոլորտի խնդիրների մասին

Բնությունը կարող է դիմանալ, սպասել, սակայն հենց մարդիկ չափն անցնեն, այնպիսի աղետներով կպատասխանի, որ «ասելու չի»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik.Հայաստանը բնապահպանական առումով բավականին բարդ խնդիրների առաջ է կանգնած, որոնք չլուծելու դեպքում երկիրը շատ ավելի լուրջ խնդիրների է բախվելու։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը:

«Տարիներ անց մենք լուրջ դժվարությունների առաջ ենք կանգնելու՝ կլիմայական փոփոխություններ, անապատացման խնդիրներ: Եթե չունենանք բնապահպանական տեսակետից դաստիարակված քաղաքացի, ապա ոչ մի պետական կամ հասարակական կառույց բնության պահպանության ուղղությամբ չի կարող հաջողության հասնել: Անտառը պետք է խնայել, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնենք»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ պետք է լուրջ ուշադրություն դարձնենք նաև մեր ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Ըստ նրա՝ խոսվում է, որ Հայաստանում ջրի պակաս կա: Մասնագետը վստահ է՝ Հայաստանում նման խնդիր չկա, կա ջրի ոչ արդյունավետ օգտագործում:

«Գիտեին`յոթ սարի հետևում կտրվող անտառի մասին ոչ ոք չի իմանա». Այսեր Ղազարյան

Շահազիզյանի խոսքով` սարսափելի վիճակում է ջրային ցանցը, քանի որ մեր երկրում ջրի կորուստը կազմում է 70-80 տոկոս: Այսօրվա պայմաններում, երբ աշխարհում դրա դեմ բազմաթիվ լուծումներ են առաջարկում, նրա գնահատականով, դա հանցագործության պես մի բան է:

Խոսելով Սևանի խնդրի մասին՝  նախկին նախարարը նշեց, որ Սևանի հետ բարբարոսաբար են վարվում:

«Մենք անընդհատ փորձում ենք Սևանից ջուր բաց թողնել՝ հակառակն անելու փոխարեն: Սակայն, մյուս կողմից, Սևանի մակարդակը չի կարելի արագ ձևով բարձրացնել, քանի որ այն կենդանի օրգանիզմ է, և ջրի մակարդակի՝ արագ բարձրացման պատճառով ճահճացում կարող է սկսել: Ի դեպ, այսօր ոչ թե ճահճացման, այլ ճահճակալման պրոսեցներ են սկսվել, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ճահճացման չհասնենք»,-ասաց նա:

Շահազիզյանի կարծիքով՝ Սևանի խնդիրը լիճ լցվող 27 գետերն են, որոնց միջոցով Սևան են լցվում ինչ ասես՝ աղբ ու պլաստիկ: Ըստ նրա՝ Սևանը փրկելու համար նախ պետք է լիճ թափվող ջրերը մաքրվեն: Բացի այդ, Սևանի ափամերձ այն օբյեկտները, որոնք չունեն կոյուղի, պետք է ուղղակի դադարեցնեն իրենց գործունեությունը:

Նրա խոսքով՝ բնությունը կարող է դիմանալ, սպասել, սակայն հենց մենք չափերն անցնենք, այնպիսի աղետներով մեզ կպատասխանի, որ «ասելու չի»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռ 2001-ին ձեռնարկել էր մի շարք միջոցառումներ՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ, որոնցից ամենաառաջնահերթ և անհետաձգելին հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակի բարձրացումն էր առնվազն 6 մետրով՝ այն հասցնելով 1903.5 մ բարձրության նիշի։ Սա այն նվազագույն շեմն էր, որի դեպքում լիճը կարող է գոյատևել՝ առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման:

Ձկները կփրկեն Սևանը. փորձագետը պարզ, բայց աշխատող տարբերակ է առաջարկում

Կառավարությունը Սևանա լճի մակարդակը 1903.5 մ բարձրության հասցնելու վերաբերյալ անգամ օրինագիծ է մշակել՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու ծրագրերը հաստատելու մասին», սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անհրաժեշտ նիշից ցածր մնալ:
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ ցածր է մնում երկու սանտիմետրով:

Սևանա լճի մակարդակն ընթացիկ տարվա հուլիսի 1–ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցածր է մնում 2 սանտիմետրով. 2019–ի հուլիսի 1-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա։այս տարի նորից «ծաղկած» Սևանա լճի վիճակն անհանգստացրել է բնապահպաններին, նրանք պահանջում են փրկել լիճը։ Փորձագետները կարծում են, որ լիճը գույնը փոխել է կապտականաչավուն ջրիմուռների ծաղկելու հետևանքով։ Որպես մեկ այլ պատճառ նրանք նշում են ջրի մակարդակի իջեցումը։

Բնապահպանական աղետի իրական ռիսկերը, կամ ինչպես Հայաստանը չվերածել Սոմալիլենդի