Փաշինյանի կառավարությունը դատապարտված է ունենալ Սարգսյանի «հաջողությունները». Բագրատյան

Բագրատյանի խոսքով` բյուջետային եկամուտների աճն, իհարկե, լավ է, բայց երկար պահպանել չի հաջողվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բյուջետային եկամուտների աճի մասին օրերս արած հայտարարությունը։ Նա նշել է, որ վարչապետի հիշատակած 25.1%-անոց աճն իրականում շատ ավելի քիչ է, քան ներկայացվում է։

Փաշինյանի աշխատակազմն ավելի քան մեկ միլիարդ դրամ է վերադարձրել բյուջե

«2018-ի վերջին հաստատված 2019-ի բյուջեի եկամուտները նախատեսված են 1539.5 մլրդ դրամ, ինչը 2018-ի փաստացի կատարողականի նկատմամբ (1340.9 մլրդ դրամ, որն, ի դեպ, թերակատարվել է) ավել է 14.8%-ով։ Եթե 2019-ի բյուջեն կատարվի, ապա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը (20.95%, առանց տեղականի) պարզապես կկրկնվի։ Առաջընթաց 2019-ի բյուջեով նախատեսված չէ։ 2019-ի առաջին կիսամյակում ստացվել են 758.3 մլրդ դրամի եկամուտներ 2018-ի 606.4-ի փոխարեն։ Այսինքն, բյուջեի 152 մլրդ դրամով առաջընթացի մասին խոսելը սխալ է. 2019-ի 1-ին կիսամյակին, այո, իրականում ավել է հավաքվել` սոսկ 62 մլրդ դրամ կամ ավել է եղել 9%-ով։ Կարծում եմ, ճիշտ է այս մոտեցումը»,- նշել է նա։

Բագրատյանի խոսքով` այդ ցուցանիշը ՀՀ անկախության տարիներին միջին կարգի ցուցանիշ է, որն, իհարկե, լավ է, բայց երկար պահպանել չի հաջողվի ոչ միջնաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ ժամանակահատվածում, քանի որ այդ 62 մլրդ դրամի   բյուջետային եկամուտների հավելաճը հիմնականում ստացվել է «տոքսիկ» ճյուղերից (ավտոմեքենաների առուծախ, խաղեր և այլն), իսկ դրանց հիման վրա նոր աճ գեներացնելն հնարավոր չէ։

Աննախադեպ բարձր շահութահարկ է հավաքվել, բյուջեն գերակատարվելու է. ՊԵԿ նախագահ

Ինչ վերաբերում է հարկային ռեֆորմներին, ապա դրանք ևս, ըստ Բագրատյանի, ընթանում են սխալ ճանապարհով։

«Ինչպես նշված է կառավարական փաստաթղթում, ստրատեգիան անուղղակի հարկերի ընդլայնումն է։ Անուղղակի հարկերը սպառման հարկեր են։ Դրանց վճարողը ժողովուրդն է։ Հետևաբար, երկարաժամկետ հատվածում դրանց անընդհատ ընդլայնումը հարաբերականորեն աղքատացնում է ժողովրդին։ Աղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան։ Արդյունքում, անուղղակի հարկերի գերակայության պայմաններում հնարավոր չէ շտկել ամենակարևոր ցուցանիշը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը»,- գրել է նախկին վարչապետը։

Նրա կարծիքով` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ Սերժ Սարգսյանի «հաջողությունները»,- եզրափակել է Բագրատյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ հեղափոխությունից առաջ խոստացել էր, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով,  ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ  եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով։