Ինչու են ավելացել գրպանահատության դեպքերը. բացատրում է ոստիկանության ներկայացուցիչը

Հանցագործներից շատերն ազատազրկման ժամկետի ավարտից հետո շատ արագ վերադառնում են իրենց նախկին գործին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Գրպանահատության աճի պատճառներն են հանցագործության այս տեսակի համար նախատեսված մեղմ պատիժն ու օրենսդրության անկատար լինելը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ոստիկանության տեսչական վարչության շտաբի պետ Հակոբ Պետրոսյանը։

Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ

2019 թվականի առաջին կիսամյակում երկրում Հայաստանում գրանցվել է գրպանահատության 314 դեպք, այն դեպքում, երբ ամբողջ անցած տարվա ընթացքում դրանց թիվը կազմել է 518։

Գրպանահատության շուրջ 95 տոկոսը կատարվում է Երևանում, հատկապես` Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա–Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում:

Քաղաքացիներից շատերը չեն դիմում իրավապահ մարմիններին, ինչն անպատիժ մնալու և նույն գործով զբաղվելու հնարավորություն է տալիս գրպանահատներին:

«Այս հանցատեսակը դասվում է դժվար բացահայտվողների շարքը, բայց ՀՀ-ում բացահայտման տոկոսը բարձր է՝ մոտ 45 տոկոս»,- ասաց Պետրոսյանը:

Գողության դեպքերը հիմնականում գրանցվում են տրանսպորտում և հասարակական վայրերում։

Քույրերը գողություն են արել «Երևան մոլում», գողացածը թաքցրել են սայլակում

«Ցավոք, իրավական դաշտում եղած խնդիրները, օրենքների անկատար լինելը թույլ չեն տալիս արդյունավետ պայքարել գրպանահատության դեմ։ Գրպանահատության երկու դասակարգում կա։ Մինչև 5 հազար դրամ արժեցող գույքի հափշտակումը մանր գողություն է համարվում, 5 հազարից մինչև 500 հազար դրամ արժեցող գույքի հափշտակումը` գողության սովորական տեսակ», – նշեց ոստիկանը։

Բռնվել է, բայց գող չէ. ոստիկանությունը չի կարողանում «ջեբկիրների» դեմն առնել

Գողության փաստով քրեական գործը, օրենսդրության համաձայն, կարող է հարուցվել միայն տուժածի բողոքի դեպքում։

Բացի այդ Պետրոսյանի խոսքով, օրենքը շատ մեղմ պատիժ է սահմանում գրպանահատների համար` առավելագույնը մինչև 2 տարվա ազատազրկում։ Հանցագործներից շատերն այդ ժամկետի ավարտից հետո շատ արագ վերադառնում են իրենց գործին։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` այդ առումով օրենսդրությունը խստացնելու անհրաժեշտություն կա։

Երևանում 3 կանայք գողացել են խանութ–սրահի էկզոտիկ ծառերը. տեսանյութ