ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 6,5 %: Ընդհանուր առմամբ, վատ ցուցանիշ չէ: Սակայն ՀՀ նախկին վարչապետ (1993-96թթ.), տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը մտահոգիչ հանգամանքներ է նկատում այդ աճի բովանդակության կամ որակի առումով:
Իր մտահոգությունները Հրանտ Բագրատյանը բավականին հանգամանորեն շարադրել է «Facebook» սոցիալական ցանցի իր էջում: Եվ ինչը կամ ավելի ճիշտ՝ ինչերն են մտահոգել նախկին վարչապետին: Նախ՝ «Տնտեսական քաղաքականությունը նույնն է, ինչ նախկինում. զարգացում՝ հիմնված սպառման ընդլայնման վրա: Սա ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկինում վարած մակրոտնտեսական քաղաքականությունից»,-նշել է Հրանտ Բագրատյանը` նկատելով, որ չնայած չի սիրում «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը, բայց դա կիրառելի կլիներ, եթե, օրինակ, ավելի վաղ իր նկարագրած «ներդրումային զարգացման մոդելի» նմանությամբ ծրագիր առաջադրվեր:
Ինչ վերաբերում է կոնկրետ տնտեսական աճի կիսամյակային ցուցանիշին՝ 6,5%, ապա ըստ նախկին վարչապետի, թվում է, թե դա վատ տվյալ չէ:
Պետությանը պատճառված 110,5 մլրդ դրամի վնասից 30 մլն–ը վերադարձվել է բյուջե. նոր տվյալներ
«Սակայն հենց կանգ ես առնում այդ աճի որակի վրա, ապա հիասթափությունը պաշարում է քեզ: Նախ` 2018-ի այդ նույն ժամանակահատվածում տնտեսական աճը եղել է 8.7%: Այն ժամանակ ասվում էր, որ տեսեք դեռ ինչեր են լինելու: Մասնավորապես, Փաշինյանը քննադատում էր տնտեսության կառուցվածքը և ասում, որ այդ ի՞նչ տնտեսություն է որ: Անցել է 1 տարի: Աճի գլխավոր գեներատորը` խաղերն են, ամեն տեսակի Vivaroner-ն ու Toto-ները, որոնք ներառված են զվարճությունների մեջ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտուրը (առանց մասնագիտացված խանութների միջոցով իրականացրած առևտրի): Առաջին կիսամյակում սրանց 30%-ոց աճի շնորհիվ ապահովվել է նշված 6.5%-ից 2-ը: Իրական տնտեսական աճը սոսկ 4.5% է»,-գրել է Հրանտ Բագրատյանը:
Նրա բնորոշմամբ` տնտեսական աճի նման բաղադրիչները մղում են զգուշանալու, քանզի դրանք նախ սպեկուլյատիվ են, կրում են ժամանակավոր բնույթ և «նման աճերի վրա ծախսված ռեսուրսները կորուստ են տնտեսական համակարգի համար»: Ինչ վերաբերում է մշակող արդյունաբերության աճի 8.7% լավատեսական ցուցանիշին, ապա ըստ նախկին վարչապետի՝ «աճի տեմպի առաջանցիկությունն այնքան չնչին է, որ տնտեսության կառուցվածքի դինամիկան, միևնույնն է, բացասական է»:
Հետաքրքիր է, ի դեպ, որ Հրանտ Բագրատյանն էլ լիարժեք վստահելի չի համարում պաշտոնական վիճակագրական տվյալները: Համենայն դեպս, մակրոտնտեսական ցուցանիշների հակասականությունը նրա մոտ կասկածներ է հարուցում: Խոսքն այն մասին է, որ շինարարության ոլորտում արձանագրված աճի ցուցանիշը «չի խոսում» ցեմենտի կամ ապրանքային բետոնի ցուցանիշի հետ: Ավելին` «Վատ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում. 7.4% անկում: Պետք է ուշքի գալ և վերականգնել գյուղնախարարությունը»,-հորդորում է Հրանտ Բագրատյանը:
Գործերն աղմուկով հարուցվում են, անաղմուկ մոռացվում. Սևանի նկատմամբ հանցանքները անպատիժ են
Նախկին վարչապետը այլ դիտարկումներ ևս արել է վիճակագրական տարբեր ցուցանիշների վերաբերյալ: Ուշադրություն գրաված նրա դիտողություններից մեկն էլ հետևյալն է. «Վարչապետի ասածներն, աշխատատեղեր ստեղծելու մասով, իրականությանը չեն համապատասխանում: Նորերն, ինչպես եղել է միշտ, այո ստեղծվել են: Բայց ավելի շատ փակվել է: Կտրուկ ավելացել են հանցագործությունները»:
Ընդհանուր մոտեցումը, այն է, որ չնայած 6,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կիսամյակի համար վատ չէ, բայց, ինչպես ասվում է հայտնի անեկդոտում՝ տնտեսական աճի «խադավոյին նայեք»: