«Շատ խաղալիքներում երեխայի առողջությանը վնասող նյութեր կան». Քնարիկ Գրիգորյան

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է խաղալիքներից բխող վտանգների ու ռիսկերի մասին։
Sputnik

Գրիգորյանը նշում է, որ իրենց կազմակերպությունը  գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում տարբեր բնագավառներում անցկացրել է քիմիական նյութերի ուսումնասիրություններ: Հետազոտությունների առանցքում են հայտնվել նաև խաղալիքներն ու դրանցից բխող վտանգները: 

2012 թվականին խաղալիքներն ուսումնասիրվել են` դրանցում առկա ծանր մետաղները հայտնաբերելու նպատակայնությամբ։ Դրանք առկա են և՛ գունանյութերի մեջ, և՛ տարաբնույթ նեխման, քայքայման պրոցեսները դադարեցնող ու արտաքինից խաղալիքները պատող լուծույթների մեջ: 

Ամերիկացին խաղալիքների միջոցով ֆիլմերից տեսարաններ է բեմադրում. տեսանյութ

«Մասնավորապես հետազոտվել էին հայաստանյան շուկայից գնված խաղալիքները: Արդյունքում պարզվել էր, որ դրանց մեջ վեց ծանր մետաղներից առկա էին չորսը՝ կապարը, սնդիկը, կադիմիումը և արսենիումը: Առաջին երեքն ապահովում են հականեխման պրոցեսները և շատ վտանգավոր են առողջության համար»,- հայտնում է Քնարիկ Գրիգորյանը: 

Փորձագետի տեղեկացմամբ՝ երեխաների համար որպես խաղալիք նախատեսված կոսմետիկ պարագաներում նույնպես հայտնաբերվել են վտանգավոր նյութեր: Երեխաները կարող են անմիջականորեն օգտագործել այդ պարագաներն ու իրենց մաշկի վրա զգալ բացասական ազդեցությունը: Եթե գունանյութերը կայուն չեն, ապա կարող են անցնել աղեստամոքսային տրակտ, այնուհետև արյան միջոցով տարածվել օրգան համակարգերում: 

«2016թ.-ին ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև պլաստիկե խաղալիքները: Դրանցում նույնպես հայտնաբերվեցին երեխաների առողջությանը սպառնացող նյութեր, ինչպիսիք են, օրինակ, պոլիվինիլքլորիդը, ֆտալատները, որոնք նույնպես կարող են բացասաբար ազդել օրգան համակարգերի վրա»,-նշում է Քնարիկ Գրիգորյանը:  

Խաղալիքների ներկրումը կատարվում է հիմնականում մայրաքաղաքում: Այդ պատճառով էլ ուսումնասիրության համար ընդգրկել են Երևանի ու որոշ մարզերի բրենդային խանութները, տաղավարներն ու շուկաները: