ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. 2008թ.–ի մարտի 1-ի զոհերից մեկի սպանության համար մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը նախաքննության ողջ ընթացքում լռել է ու ազատ արձակվելուց հետո էլ շարունակելու է լռել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը, որն իր պաշտպանյալի ազատ արձակվելուց հետո հանդիպել ու ճշտել է նրա տեսակետը։
«Գեղամ Պետրոսյանը նախաքննության ողջ ընթացքում լռել է, միայն ասել է, որ այս ամենը մտացածին են, ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, որովհետև իրականության մեջ նման դեպք տեղի չի ունեցել, և իրականության մեջ ինքը նման արարք չի կատարել։ Ինչ վերաբերում է կալանքից ազատ արձակվելուց հետո նրա դիրքորոշմանը, նա նորից շարունակում է լռել, կարծում եմ, որ ճիշտ է անում, որովհետև մեկ անգամ պիտի խոսի, և դրա ժամանակը կգա։ Մենք դեռ վաղաժամ ենք համարում, որ Գեղամ Պետրոսյանը հայտարարությամբ հանդես գա»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ այդ ժամանակը կգա, երբ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։
Հիշեցնենք` «Մարտի 1»-ի քրեական գործով սպանության մեղադրանքով կալանավորված ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանն 2 ամիս կալանքի տակ մնալուց հետո երեկ` օգոստոսի 4-ին, ազատ է արձակվել։
Անդրադառնալով Գեղամ Պետրոսյանի ազատ արձակման որոշմանը` Վաղարշակ Գևորգյանը նշեց, որ խափանման միջոցը չի երկարացվել, քանի որ նախաքննության ընթացքում նոր էական հանգամանքներ չեն հայտնաբերվել։
«Այս իշխանությունը երկար չի դիմանա». Քոչարյանն ԱԺ արտահերթ ընտրություններ է կանխատեսում
«Նոր հանգամանք ասելով` նկատի ունեմ այնպիսի հիմքեր, որոնք թույլ կտային նորից կալանքի միջնորդությամբ դիմել դատարան և ասել. «հարգելի՛ դատարան, այն երկու ամիս ժամկետով կալանքը, որ տրվել էր, մենք էլ պարտադրում էինք, որ 2 ամիս ինքը մնա անազատության մեջ այսպիսի առանձնապես ծանր մեղադրանքով, այդ հիմքերը շարունակվում են, և խնդրում ենք կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնել»։ Բայց, քանի որ իրենք տեսել են, որ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է, հետևաբար, պետք է նրա նկատմամբ խափանման միջոցը վերացնել»,– պարզաբանեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքին, նրա փաստաբանն այն «խայտառակություն» է որակում` հիմնված է ինչ-որ մեկի հայտնած «ոչ ճիշտ տեղեկությունների» վրա։
«Առանց ստուգելու, թե այդ տեղեկությունները որքանով կարող են իրականությանը համապատասխանել, հապճեպորեն մեղադրանք առաջադրեցին, առանձնապես ծանր հանցագործության մեջ անձին մեղադրեցին, արագ ձերբակալեցին ու արագ էլ խափանման միջոց կալանավորում կիրառեցին»,– ասաց Գևորգյանը` միաժամանակ ընդգծելով, որ մեղադրանքն առաջադրելուն հաջորդած 2 ամսվա ընթացքում նախաքննական մարմինը հասկացել է, որ Գեղամ Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքում ներկայացված արարքը չի կատարել։
«Հենց այդ համոզմունքն էր պատճառը, որ նման առանձնապես ծանր մեղադրանքի պարագայում, որոշեցին կալանքի տակ պահելու որոշումն այլևս չերկարացնել»,– ասաց Փաստաբանը։
Որքա՞ն գումար կստանան Մարտի 1-ի իրադարձություններից տուժածները. որոշումն ընդունվեց
Հիշեցնենք` 2019թ–ի հունիսի 4-ին ՀՔԾ–ն հայտարարել էր, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
Նախաքննական մարմնի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
«Մարտի 1-ի» գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվեց
Ըստ մամուլի հրապարակումների` Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել նախկին աշխատակիցներից մեկի ցուցմունքը, որի համաձայն, Զաքար Հովհաննիսյանը մահացել էր հենց նրա արձակած կրակոցից։