Հայ տանկիստները խոցել են թիրախներից երեքը. ավարտվել է «Տանկային բիաթլոնի» առաջին փուլը

Հայկական անձնակազմը հաղթահարել է բոլոր արգելագոտիները, խոցել թիրախներից երեքը և հատել մրցագոտին 29.43 րոպեում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ին ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» առաջին մրցափուլին: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հերոս հայի հիանալի զինվորական կարիերան. ի՞նչ է արել տանկիստ Մնացականովը պատերազմի ժամանակ

«Դեղին տանկով հանդես եկող հայկական անձնակազմը հաղթահարել է բոլոր արգելագոտիները, խոցել թիրախներից երեքը և հատել մրցագոտին 29.43 րոպեում»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ զինված ուժերը ներկայացնող տանկային առաջին անձնակազմի գործողություններին հետևել են ՀՀ զինված ուժերի գերագույն շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը և ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Հայկական տանկային երկրորդ անձնակազմը «Տանկային բիաթլոնին» կմասնակցի այսօր՝ օգոստոսի 5-ին: