«Չենք կարողանա աշխատել». ՀԿԵ–ին մտահոգել է Վրաստանում սպասվող գործադուլը

Վրաստանում երկաթուղայինների հավանական գործադուլն անհանգստացրել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը։ «Վրաստանի երկաթուղին» պնդում է, որ մտահոգվելու առիթ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ղեկավարությունը մտահոգված է գործադուլ հայտարարելու՝ վրաց երկաթուղայինների մտադրության հետ կապված իրավիճակով։ Քանի որ դա ավտոմատ կերպով կհանգեցնի նաև հայկական երկաթուղու գործունեության կասեցմանը։ Այս մասին  Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Խաչատրյան․«Վրացական երկաթուղին դարձել է հայաստանյան մենաշնորհներին հովանավորող կառույց»

«Վրաստանի երկաթուղի» ընկերության աշխատակիցները մտադիր են բողոքի ակցիա և գործադուլ իրականացնել։ Նրանք ղեկավարությունից պահանջում են 50%–ով բարձրացնել աշխատավարձը։ Ստորագրահավաքին արդեն 4800  մարդ է մասնակցել։ Գործադուլի հստակ օրը նրանք կհայտնեն օգոստոսի 10-ին։

Հայաստանի «Հարավկովկասյան երկաթուղին» մտահոգված է այս նորությամբ, քանի որ վրացական երկաթուղու այլընտրանքը չկա։

«Ամեն դեպքում հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա», – ասաց Գրձելյանը։

Ներկա պահին ՀԿԵ–ում նույնիսկ նախնական չեն կարող ասել՝ ինչ տնտեսական կորուստների դա կհանգեցնի։ Հասկանալի է մի բան. Վրաստանում սպասվող գործադուլը կկասեցնի Երևան–Բաթում–Երևան գնացքի աշխատանքը։ Իսկ դա նշանակում է, որ շուրջ 800  մարդ չի կարողանա մեկնել Վրաստան կամ գալ Հայաստան։

Միևնույն ժամանակ, «Վրաստանի երկաթուղի» ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ 50%–ով աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ  աշխատակիցների պահանջը անիրական, պոպուլիստական քայլ է։

«Յուրաքանչյուր երկաթուղային քաջատեղյակ է ընկերության ֆինանսական վիճակի մասին, հետևաբար, տեղեկությունն այն մասին, որ 4800 մարդ գործադուլի է պատրաստվում՝ իրականությանը չի համապատասխանում»,–գրված է հաղորդագրության մեջ։

Ղեկավարության կարծիքով՝ այս փուլում գործադուլի համար որևէ նախադրյալ չկա։

Ընկերության ղեկավարությունը միշտ լսում է աշխատակիցների բողոքները և հնարավորության սահմաններում փորձում բավարարել նրանց պահանջները։

«Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանել է իր դեմ ուղղված մեղադրանքներին

«2020 թվականի մարտի 1-ից ընկերությունը մտադիր է 10%-ով բարձրացնել բոլոր այն աշխատակիցների աշխատավարձերը,  որոնց ստացած գումարը չի գերազանցում 1500  լարին։

Ընկերության համար դա տարեկան լրացուցիչ 18-20  միլիոն լարի կարժենա։ Սա առավելագույնն է, ինչ ներկա պահին կարող ենք անել»,- գրված է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ դրանից բացի, բոլոր աշխատակիցները տարեկան երկու անգամ ֆիքսված գումար կստանան որպես պարգևավճար։

«Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում. «ՀԿԵ»