Աղբը թափիր ու բոնուս ստացիր. Երևանում ուզում են «խելացի» աղբամանների նախագիծ գործարկել

Երևանի քաղաքապետարանը հավանել է տղաների գաղափարը։ Ստեղծած հարթակի փորձնական տարբերակին միացել են արդեն մոտ 40 ձեռնարկություն ու գրեթե 700 օգտատեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik, Արամ Գարեգինյան. «Լավ տղերքը» (Հայաստանում և ոչ միայն) շշերն ու տոպրակները համառորեն նետում են որտեղ պատահի։ Նրանք «պանյատներով» են ապրում. չի կարելի աղբը ձեռքով բռնել ու մինչև աղբաման տանել, թե չէ կկորցնես հեղինակությունդ։ Այդուհանդերձ, նոր նախագիծը կարող է կտրուկ փոխել «պանյատները»։ Սկզբում Հայաստանում, իսկ հետո հնարավոր է` այլ երկրներում։

«Դուք այս հավելվածն ունեցող հեռախոսը մոտեցնում եք մեր աղբամանին։ Աղբամանը ճանաչում է ձեզ qr–կոդով ու բացվում է։ Դուք նետում եք պլաստիկները, իսկ աղբամանի ընդունիչները չափում են դրա ընդհանուր քաշը։ Քանի կիլոգրամ նետել եք, այնքան էլ բոնուսային միավոր եք ստանում», – ասում է նախագծի հիմնադիրներից Միխայիլ Զամսկոյը։

Այդ միավորներով կարելի է նվերներ ու զեղչեր ստանալ ծրագրի գործընկերներից` խանութներից, ռեստորաններից ու հանգստի օբյեկտներից։ Նրանք այսպես կգրավեն նոր հաճախորդներին։

Դավթաշենում աղբակույտերն անցյալու՞մ են. քաղաքապետարանը նորություն ունի

Հարթակի փորձնական տարբերակին արդեն մի ացել են մոտ 40 ձեռնարկություն ու գրեթե 700 օգտատեր։ Երևանի քաղաքապետարանը հավանել է «խելացի» աղբամանները. արդեն քննարկում է` որտեղ դնի դրանք։

Նախագիծը որոշել են անվանել Apaga։ Միխայիլ Զամսկոյը Մոսկվայից է եկել, Սեդրիկ Զոլմսը` Գերմանիայից, Հայկ Ղազարյանը` Կանադայից։ Բայց բոլորն էլ իրենց ապագան տեսնում են Հայաստանում։

Նրանք 2015 թվականին են այստեղ եկել` Դիլիջանի միջազգային դպրոցում սովորելու։ Կարծում են, որ Հայաստանը լավ երկիր է, բնությունը` գեղեցիկ, միայն թե աղբն է շատ։ Ու սովորելուց հետո որոշել են մնալ Հայաստանում ու գործի անցնել։

Սկզբում նրանք քարոզում էին, որ աղբը պետք է խնամքով թափել։ Իսկ 2017 թվականին պլաստիկ ու հին էլեկտրոնիկա ընդունող ձեռնարկություն բացեցին։

Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի

Մի քանի բիզնես–մոդել փորձելուց հետո տղաները հասկացան, որ պլաստիկը չափազանց էժան է, որպեսզի մարդիկ այն հանձնելու համար լուրջ մոտիվացիա ունենան։ 9 կիլոգրամ պլաստիկի դիմաց կարելի է 900 դրամ ստանալ։ Իսկ նոր համակարգով կարելի է բոնուսներ ստանալ նախագծի գործընկերներից։ Օրինակ` մեկ ամիս անվճար յոգայի դասընթաց կամ մեկ օր անվճար էքսկուրսիա Հայաստանում։

Մաքրելու ենք քաղաքը աղբից, կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ. Հայկ Մարությանը բարկացել է

«Այսինքն` ստանում եք ապրանք կամ ծառայություն, որը մի քանի անգամ գերազանցում է ձեր հանձնած պլաստիկի գինը։ Իսկ բիզնեսը նոր հաճախորդ է ստանում։ Օրինակ` սրճարանը ձեզ անվճար սուրճ է առաջարկում, կխմեք, կգնաք ու էլ երբեք չե՞ք վերադառնա։ Դժվար թե։ Կարճ ասած`բոլորը գոհ են։ Մենք էլ ոչ մեծ միջնորդավճար ենք ստանում բիզնեսից», – ասում է Հայկը։

Նա անցած տարի է Կանադայից եկել Հայաստան։ Վեց տարեկանից այնտեղ է ապրել։ Repat Armenia ցանցում համախոհների որոնման մասին հայտարարություն է տվել ու այսպես գտել Միշային։

Սոցիալական բիզնեսի փորձ արդեն ունի. Կանադայում ղեկավարել է տարեց մարդկանց համակարգչային հմտություններ սովորեցնող ձեռնարկությունը։

Իրենց բիզնեսը ծրագրելու համար տղաները էկոնոմիկա են սովորում, իսկ ամբողջ աշխարհի մարդկանց հետ շփվելու համար` օտար լեզուներ։

Ռուսերենից բացի, Միշան անգլերեն գիտի։ Գերմանացի ընկերոջը հանդիպելուց հետո սկսել է գերմաներեն սովորել։ Դիլիջանից հետո ընդունվել է Բոլոնյայի համալսարան։ Տարին մի քանի անգամ է այնտեղ գնում` քննությունները հանձնելու։ Հիմնականում Հայաստանում է ապրում, սկսել է իտալերեն սովորել։

Աղբահանությունից մինչև բնակֆոնդ. Երևանի նախկին քաղաքապետը` խնդիրների և մեղավորների մասին

Իսկ Հայկը լեզուներ է սովորում և՛ տանը, և՛ դպրոցում։ Մայրն ու տատը նրա հետ ոչ միայն հայերեն են խոսել, այլև ռուսերեն։ Այն դպրոցում, որտեղ սովորել է երիտասարդը, Սիրիայից ու Լիբանանից եկած ուսուցիչներ են եղել, որոնք էլ արևմտահայերեն են խոսել։

«Արևելահայերենը տնից գիտեմ, արևմտահայերենը` դպրոցից, ռուսերեն էլ` տնից։ Գումարած անգլերենն ու ֆրանսերենը։ Ֆրանսերեն կարող եմ տարբեր ակցենտներով խոսել», – ժպտում է Հայկը։

Առաջին «խելացի» աղբամանի մոդելը նախագծել ու հավաքել են Locator հայկական ընկերության ինժեներները։ Իսկ Apaga–ի ծրագրավորողները կազմել են բջջային հավելվածի սոֆթը։ Նախագիծը ներկայացվել է Sevan Startup Summit ամառային ճամբարի շրջանակում, որտեղ ներկայացվում են տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ նախագծերը։

Հեղափոխության հետքերով. Հայաստանում ստեղծում են սարք, որը լիցքավորվում է քայլելիս