ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Պարսից ծոցից դեպի Սև ծով գնացող ամենաանվտանգ ուղին անցնում է Հայաստանով»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցքին և Հայաստանի դերին։
Sputnik
Ոսկանյան. «Պարսից ծոցից դեպի Սև ծով գնացող ամենաանվտանգ ուղին անցնում է Հայաստանով»

Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Հյուսիսային տրանսպորտային միջանցքին առնչվող վրաց-իրանական նախագծին, նշել է, որ ցանկացած պարագայում, անկախ վրաց-իրանական համաձայնությունից, Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցքի գործում Հայաստանը պետք է ունենա կարևոր և գործուն դերակատարություն։ Այս հանգամանքը մշտապես շեշտադրվել է թե՛ հայկական կողմից, թե՛ իրանական կողմից` ամենաբարձր մակարդակով, ինչը շատ կարևոր է մեզ համար: Հետևաբար` այս ուղղությամբ մենք էլ պետք է բավական ակտիվ աշխատենք:

Երևանը կդառնա գլխավոր տրանսպորտային հանգույց ու առաջ կանցնի Բաքվից. ի՞նչ է պետք անել

«Անկախ ամեն ինչից, Պարզից ծոցից դեպի Սև ծով գնացող ամենաանվտանգ ուղին անցնում է Հայաստանով, ինչը մեզ համար լուրջ առավելություն է ստեղծում: Անշուշտ, մենք այստեղ ունենք նաև թերություններ: Խոսքը վերաբերվում է մեր համապատասխան ենթակառուցվածքներին, այս պահին ճանապարհների ոչ այնքան բարվոք վիճակին: Թերությունները պետք է հնարավորինս արագ վերացվեն: Այս համատեքստում կրկնակի կարևորվում է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության արագ և որակյալ ավարտը: Նշված մայրուղու շինարարությունը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական առումով»,- նշում է Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի կարծիքով՝ Իրանում կա հստակ մտայնություն առ այն, որ Իրանը պետք է ունենա այլընտրանք դեպի Եվրոպա, և իր համար այդ այլընտրանքային ուղին պետք է լինի ո՛չ Թուրքիայով, ո՛չ Ադրբեջանով, հետևաբար, միակ ճանապարհը մնում է Հայաստանը:

Դիտավորյալ անորակ ասֆալտ անողները կպատժվե՞ն քրեորեն. Փաշինյանը բարկացել է

«Իրանցիները քաջ գիտակցում են այս հանգամանքը: Մյուս կողմից ես չգիտեմ, թե Վրաստանում կա՞ արդյոք այդ մտայնությունը, որ օբյեկտիվ մոտեցման պարագայում Վրաստանը նույնպես պետք է թուլացնի իր կախվածությունն ադրբեջանաթուրքական դաշինքից, և այդ առումով էլ միակ այլընտրանքը մնում է Հայաստանը, այսինքն՝ Պարսից ծոցից դեպի Սև ծով տրանսպորտային միջանցքը ձեռնտու է բոլոր երեք կողմերին՝ Հայաստանին, Վրաստանին և Իրանին, որովհետև բոլորի համար էլ ապահովում է լիարժեք այլընտրանք»,- նշում է Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով` կոնկրետ մեզ համար սա չափազանց կարևոր է Թուրքիայի հետ փակ սահմանների ու Ադրբեջանի հետ սառեցված պատերազմական պայմանների առկայության պարագայում: