ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Եթե անցյալ տարի Երևանով քայլող ցուցարարներն այդ սարքից ունենային, նրանք ոչ միայն հեղափոխություն կանեին, այլ հնարավոր է` նաև հոսանքի համար մուծվող գումարը տնտեսեին:
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը
Multi Boots թիմի անդամներն իրենց մտահղացած սարքը ստեղծում են «թավշյա հեղափոխությունից» շուրջ մեկ տարի անց։ Սակայն սարքն իր արդիականությունը չի կորցրել։ Չէ՞ որ և՛ թունդ հեղափոխականները, և՛ քարակոփ հակահեղափոխականները միանգամայն բարի են դառնում, երբ տնտեսում են կոմունալ ծախսերը...
«Մեր սարքը մարտկոցը լիցքավորում է քայլքից, – բացատրում է Multi Boots թիմից Ստելլա Լոռեցյանը։– Մենք այն տեղադրում ենք սեղմված օդով լցված կոշիկի ներբանի մեջ։ Յուրաքանչյուր քայլի ժամանակ օդը ճնշում է փոքրիկ շարժիչի վրա, այսինքն ամեն քայլով մենք կարողանում ենք էլեկտրաէներգիա արտադրել»։
Կոշիկի ներբանի մեջ հարմարեցված է լինելու նաև մարտկոցը (powerbank)։ Դրանով հետագայում հնարավոր կլինի լիցքավորել նաև հեռախոսն ու այլ սարքեր։
Թիմում աշխատում են և՛ կոնտենտ–ռայթերներ, և՛ դիզայներներ, և՛ ծրագրավորողներ, և՛ ֆիզիկոսներ։ Նրանց հաշվարկներով` մեկ քայլը 1 միլիամպեր-ժամ էներգիա կստեղծի։ Եթե օրական 5 հազար քայլ արվի (հավասար է մոտ 1 ժամ քայլելուն), ապա կարելի է ամբողջությամբ լիցքավորել սմարթֆոնը։
Թիմի անդամները մեկ փորձնական ներբան արդեն հավաքել են։ Միևնույն ժամանակ երկու խնդիր են լուծել։ Ներբանը չպետք է շատ ձիգ լինի (որպեսզի քայլելիս շատ «չզսպանակի»), բայց նաև բավականաչափ ամուր լինի, որպեսզի դիմանա ծանրաբեռնվածությանը՝ արագ քայլքի կամ վազքի ժամանակ։
«Դեռևս մենք մտածում ենք սպորտային կոշիկների ուղղությամբ։ Ուզում ենք բանակցություններ վարել արտադրողների հետ, – նշում է Ստելլան։ – Սկզբում կստեղծենք, օրինակ, քայլարշավների համար նախատեսված մոդելներ»։
Multi Boots թիմն իր նախագիծը ներկայացրել է Sevan Startup Summit–ին`Սևանա լճում անցկացվող ստարտափների (նոր տեխնոլոգիական նախագծեր) ամառային ճամբարում։
Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». տեսանյութ և լուսանկարներ