ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. Մեկնարկել է #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը, որի ընթացքում տարբեր դասընթացներ են կազմակերպվել, պաշտոնական և ոչ պաշտոնական մի շարք հանդիպումներ անցկացվել ՀՀԿ գործիչների հետ: Այս մասին հայտնում են կուսակցության գրասենյակից։
Մինչ Դիլիջան ուղևորվելը մասնակիցներն այցելել են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:
«#ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումի շրջանակներում մասնակիցների համար անցկացվում են դասընթացներ որոշումների կայացման տեխնիկայի, ներազդեցության, սոցիալական մեդիայում քաղաքական գովազդի, հավաքների և ցույցերի կազմակերպմանը վերաբերող թեմաներով։ Ֆորումի ընթացքում տեղի են ունենում ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ, անցկացվում են քննարկումներ երիտասարդական կազմակերպության ներպետական և միջազգային ծրագրերի վերաբերյալ: Ֆորումի օրակարգում է ՀՀԿ երիտասարդների կողմից հռչակագրի մշակումը և ընդունումը»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումի շրջանակում երիտասարդների հետ հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանք քննարկել են կուսակցության ռազմավարությունը, խոսել ներքաղաքական և միջազգային անցուդարձի մասին:
Ինչու էր Սերժ Սարգսյանը մեկնել Արցախ. «Ժամանակ»
Եռօրյա ֆորումը մեկնարկել է օգոստոսի 2-ին և դեռևս շարունակում է իր աշխատանքները:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը իշխանափոխությունից հետ հազվադեպ է մասնակցում հանրային միջոցառումների ու հանդիպումների: