ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Այսօր լրանում է «Իսլամական պետության» զինյալների կողմից Իրաքի եզդիաբնակ Շանգալի շրջանում հազարավոր եզդիների կոտորածի 5-րդ տարելիցը։
ՀՀ ԱԺ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն Իրաքում մասնակցել է եզդիների կոտորածի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Նա Շանգալ քաղաքից Sputnik Արմենիային մանրամասներ հաղորդեց եզդի ժողովրդի համար ողբերգական տարելիցի միջոցառումներից։
«Եզդիները ցավում են, ողբում են, նշում են ցեղասպանության օրը, ազգակիցների հիշատակը։ «Եզդիական առաջընթաց» կուսակցության կազմակերպած միջոցառմանը մասնակցում են ռազմական ուժերի ղեկավարներ, գեներալներ, Մոսուլի խորհրդարանի ներկայացուցիչներ և քաղաքական այլ այրեր»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, իրաքյան եզդիների վիճակը ծայրահեղ ծանր է. թե՛ փախստականների ճամբարներում, ու թե՛ բնակավայրերում բացակայում են ապրուստի նվազագույն պայմանները։
«Եզդիներն այստեղ պայքարում են անվտանգության գոտի կամ ինքնակառավարվող մարմնի որևէ ստատուս ունենալու համար, որով իրենք իրենց կկարողանան պաշտպանել»,-ասաց Բաքոյանը։
Պատգամավորի դիտարկմամբ, աշխարհում այսօր եզդի ժողովուրդը մի քանի հատվածների է բաժանված։ Նրանց մի մասն էլ ապրում է Հայաստանում։
«Հենց հիմա, գտնվելով Սինջարում, որը մեր պատմական հայրենիքն է, ու տեսնելով Սինջարի եզդիների վիճակը` կարող եմ վստահաբար ասել, որ թե՛ այստեղ, ու թե՛ առհասարակ աշխարհում՝ ոչ մի տեղ եզդիներն իրենց այնքան լավ չեն զգում, որքան Հայաստանում։ Հայաստանում եզդիները գոյատևման խնդիր չունեն, ՀՀ լիիրավ քաղաքացիներ են և իրենց լիիրավ քաղաքացի են զգում։ Բայց Հայաստանում էլ մենք մեր ազգային ինքնությունը պահպանելու խնդիր ունենք»,– ասաց պատգամավորը` հավելելով, որ եզդիական համայնքն այդ ուղղությամբ աշխատում է ու պատրաստվում է կառավարությանն առաջարկներ ներկայացնել։
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում էր գործել եզդիաբնակ Սինջար շրջանի վրա։
Հարձակման հետևանքով սպանվել էր ավելի քան 3000 մարդ, 300 000-ը դարձել էր փախստական, 5000 կնոջ առևանգել ու գերեվարել էին։ Նրանց կյանքի պահպանման նախապայման էր ներկայացվել իսլամի ընդունումը:
Հարձակման հետևանքով շուրջ 3000 մարդ առ այսօր անհայտ կորած է համարվում։
2015թ.-ի տարեվերջին եզդիներին հաջողվեց իսլամիստներից ազատագրել Շանգալը։
Նույն թվականին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում սահմանվեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ցեղասպանություն է իրականացրել Իրաքի ազգային-կրոնական փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ։
Փաստաթուղթը վկայում է եզդիների նկատմամբ կտտանքների, սպանությունների, առևանգումների, կրոնափոխության պարտադրանքի, մանկահասակ երեխաների հավաքագրման ու սեռական ստրկության ենթարկելու մասին։
Ձևական պատրվակ և իրական կոտորած. եզդիներին և հայերին միավորած ողբերգությունը